Հիմա ինչ, վաղը, մյուս օրը, մի քանի տարի հետո էլի հայհոյելու եք, արդարացնելով, որ նախկիններն են մեղավոր: Ունիկալ ազգ ենք, միշտ մեղադրում ենք նախկիններին ու պապերին: Ոչ մի բան չգտնենք մեղադրելու, այդ երկուսը կան ու կան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության նախկին պետ Մնացական Բիչախչյանը։
«Ցանկացած ժամանակներում պետք է գործի քարը քարին դնելու և քո հետևից գոնե մի լավ բան թողնելու ոսկե կանոնը: Դա վերաբերում է բոլորին. կլինի պաշտոնյա, թե շարքային քաղաքացի: Այդ կանոնը փոխանցիկ դրոշի նման պետք է մեկից անցնի մյուսին: Նոր եկողը պետք է գտնի արած լավ բանը և դրա վրա նորն ավելացնի: Եթե, լավը չտեսնելով, փնտրում է վատը, որ պատժի, մորթի, իր իմիջը բարձրացնելու համար, արդեն իսկ այդ պահից տանուլ է տալիս ( դա վերաբերում է նաև այսուհետ եկողին):
Իսկ հասարակությունը «վարակիչ» վիրուսի նման պետք է միմյանց փոխանցի հայրենասիրություն, բռունցք, հավատ, հող: Նայեք ձեր շուրջբոլորը. վերածվել ենք հայհոյող հասարակության: Հարց տվեք, դրան ենք արժանի: Մենակ չասեք էլի նախկիններն են մեղավոր: Հիմա ինչ, վաղը, մյուս օրը, մի քանի տարի հետո էլի հայհոյելու եք, արդարացնելով, որ նախկիներն են մեղավոր:
Ունիկալ ազգ ենք, միշտ մեղադրում ենք նախկիններին ու պապերին: Ոչ մի բան չգտնենք մեղադրելու, այդ երկուսը կան ու կան:
Վերջին հաշվով, պաշտոնյա, թե շարքային քաղաքացի, ձեր աթոռները, մի կտոր հացը ամուր գրկելու փոխարեն ամուր գրկեք գոնե ձեր ոտքի տակի հողը, որ աթոռ դնելու տեղ ունենաք և մի կտոր հացը հայրենի հողի վրա ուտեք»,- գրել է Բիչախչյանը: