«Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար, «Հայրենիքի փրկության շարժման» խորհրդի անդամ Անդրանիկ Թևանյանը «Թուրքիայի վերջին հույսը «Մարտի 1»–ն է․ ինչու է Նիկոլը «հանրահավաք» հրավիրում, ինչ պետք է անել և ինչ է սպասվում» վերտառությամբ ֆեյսբուքյան գրառում է կատարել, որում, մասնավորապես, ասվում է․

«Հայաստանում ավարտին է մոտենում քաղաքական հանգուցալուծումը։ Հայ–թուրքական հակամարտությունը հասել է եզրափակիչ փուլ։

Մեզ մոտ հաստատվել է երկիշխանություն։ Ոմանք սա համարում են անիշխանություն։ Ամեն դեպքում Նիկոլ Փաշինյանն այլևս չունի այն իշխանությունը, որն ուներ 2020–ի սեպտեմբերի 27–ից առաջ ու առավելևս 2018–ի մայիսի 8–ից հետո։ Քաղաքական նախաձեռնությունն անցել է Հայրենիքի փրկության շարժմանը։ Բաղրամյան պողոտան ուժային կենտրոնի հասցեն է։

ՀՀ արժանապատիվ քաղաքացիների վճռականությունը, քաղաքական ուժերի հետևողական պայքարը, Հայաստանի զինված ուժերի հայտարարությունը տվել են իրենց արդյունքները, փոխել քաղաքական հաշվեկշիռը։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հաշվի նստեց ստեղծված իրավիճակի հետ, հաշվեց ու որոշեց ընթացք չտալ Նիկոլ Փաշինյանի ոչ լեգիտիմ առաջարկին՝ աշխատանքից ազատել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին։

Նիկոլ Փաշինյանին դեռ ենթարկվում է ոստիկանությունը, մասամբ՝ ԱԱԾ–ն։ Դատախազությունը փշերի վրա է նստած ու հետևում է ուժերի դասավորության դինամիկ փոփոխություններին։

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որևէ կոմպլեքս չունի Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցելու։ Հատկապես որ հիմքերը կան։ Դավթյանը պարզապես սպասում է քամիների ուղղությանն ու արագությանը։ Նա 2018–ի ապրիլին խորհրդարան մտավ պատգամավոր Նիկոլ Փաշինյանին ազատությունից զրկելու միջնորդությամբ։ Հետո երբ Նիկոլը վարչապետ դարձավ, Դավթյանն արդեն մարդկանց ազատությունից զրկելու որոշումներ էր կայացնում Նիկոլի հրահանգով։

Հիմա երկրում իրավիճակ է փոխվել։ Իսկ դա նշանակում է, որ դատախազությունում էլ է իրավիճակ փոխվելուն «5 պակաս» վիճակ։

Տակը մնաց «Իմ քայլը» ուսապարկ–խմբակցությունը։ Այս պահին զուտ գլխաքանակային մեծամասնությունն է կառավարությունում պահում Նիկոլին։ Բայց «ժողովրդի» վարչապետը հասկանում է, որ դա շատ փխրուն ու լպրծուն հենարան է։ Դա հասկանում է նաև Հայաստանի ներքին զարգացումներին միջամտող ու Նիկոլի վրա մեծ խաղադրույք կատարող Թուրքիայի նախագահ Էրդողանը։

Նիկոլի իրական ու միակ հենարանը Թուրքիան է։ ՀՀ զինված ուժերի հայտարարությունից հետո այդ ամենը բացահայտ դարձավ նույնիսկ պողոսների համար։

Մեր թշնամիներն այնքան մեծ խաղադրույք են կատարել «Նիկոլ Փաշինյանը ժողովրդի վարչապետն է» նախագծի վրա, որ ամեն օր նրան աջակցող հայտարարություններ են անում Թուրքիայի նախագահը, նրա մամլո խոսնակը, արտգործնախարարը։

Թուրքիան դժգոհ է մնացել, որ չի կարողացել ամբողջությամբ գրավել Արցախն ու Հայաստանից պոկել Սյունիքը։ Ռուսները խանգարեցին։

Անկարայում հույս ունեն, որ իրենց Նիկոլի միջոցով հնարավոր կլինի արդեն առանց «Բայրաքթարների» լուծել այն խնդիրը, որի նպատակով էլ սկսել էր պատերազմը։ Հայաստանի քաղաքացիները, քաղաքական ուժերը, մտավորականներն ու ի վերջո բանակը ոտքի են կանգնել թուրքական ծրագրերի ամբողջական իրագործումը թույլ չտալու համար։

Թուրքիայի հույսն այժմ «Ժողովուրդն աջակցում է Նիկոլ Փաշինյանին» ներկայացման բեմադրությունն է։ Հենց այդ նպատակով էլ Նիկոլը մարտի 1–ին հանրահավաք հրավիրեց։ Նա փորձում է կանխել ուժային մյուս կառույցների անցումը Հայաստանի կողմը։

Նիկոլին կից օլիգարխներին, պետական պաշտոնյաներին հանձնարարված է գլխաքանակ ապահովել Նիկոլի, ավելի ճիշտ՝ Էրդողանի մարտի 1–ի միտինգի համար։ Ինչպես ասում են՝ հանցագործը վերադառնում է հանցագործության վայր։

2008–ի մարտի 1–ին Նիկոլը փորձում էր կյանքի կոչել «վռնդենք ղարաբաղցի տականքներին» հակապետական ծրագիրը։ Նա բախումներ կազմակերպեց, դարձավ 10 մարդու մահվան պատճառ ու ծլկեց դեպքի վայրից։

2008–ին մեր պետությունը կարողացավ կանխել այն, ինչը եղավ Նիկոլի վարչապետ դառնալուց հետո, այն է՝ Արցախի պետականության կորուստ ու հարցականի տակ հայտնված Հայաստան։

Թուրքիային նոր «Մարտի 1» է պետք։ Այս անգամ Նիկոլն արդեն ոչ թե որպես ընդդիմադիր «պայքարիստ» է հանդես գալիս, այլ որպես վարչապետի աթոռին հայտնված սուբյեկտ ու Թուրքիայի բացահայտ աջակցությունը վայելող գործիչ։ Այս ամենի պատասխանը հայ ժողովուրդը պետք է տա վճռական պայքարով, համախմբվածությամբ, հետևողականությամբ, խելքով։

ԱԱԾ–ն ու ոստիկանությունը պետք է միանան բանակին ու կանգնեն պետության թիկունքին, որպեսզի զերծ մնանք ցնցումներից։ Ուժային կառույցների ներկայացուցիչները երդվել են ծառայել Հայաստանին, այլ ոչ թե Նիկոլին ու առավելևս՝ Թուրքիային։

Արցախում մեր բանակը դավաճանվեց թիկունքից։ Ուրեմն հենց թիկունքից էլ պետք է հետ պտտեցնել պարտության թափանիվը։

Ազգ, Բանակ, Հաղթանակ»։