Ինքներդ որոշեք` ինչ եք ուզում, նոր հետո, որ կձեւակերպեք ձեր պահանջը, նորից կխոսենք, ու հանկարծ չփորձե՛ք ձեր անորոշ պահանջները գցել խորհրդարանական ընդդիմության գրպանը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն՝ անդրադառնալով Հայաստանի ընդդիմադիր դաշտի արտախորհրդարանական դերակատարներին։
Նա, մասնավորապես, գրել է․
«Երբ Նիկոլ Փաշինյանը քաղաքական ուժերին առաջարկեց քննարկել արտահերթ ընտրությունների հարցը եւ հանդիպել այդ օրակարգով, Հայաստանի ընդդիմադիր դաշտի արտախորհրդարանական դերակատարներն անխտիր հայտարարեցին, որ արտահերթ ընտրություններ Նիկոլ Փաշինյանի օրակարգով եւ նրա կողմից կազմակերպելով անընդունելի են: Անգամ հայհոյախառն հայտարարություններ եղան քաղաղաքական ուժերի, քաղաքագետների, փորձագետների, ԶԼՄ-ների շուրթերով` բոլոր այն ուժերին ուղղված, որոնք հանկարծ կհամաձայնեն այդ օրակարգին կամ որեւէ կերպ կքննարկեն այդ օրակարգը վարչապետի հետ:
Խորհրդարանական ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարները ԱԺ-ում հանդիպեցին Փաշինյանին եւ նրան տեղեկացրեցին, որ ընդդիմության պահանջը ոչ թե արտահերթ ընտրությունների կազմակերպումն է, այլ վարչապետի հրաժարականը:
Փետրվարի 7-ին "Իմ քայլը" հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների հարցը կտեղափոխվի քննարկման հունիսին:
Այս հայտարարությունից հետո` հիմա էլ տարատեսակ փորձագետներ, քաղաքագետներ եւ քաղաքական ուժեր սկսել են մեղադրել խորհրդարանական ընդդիմությանը, թե իբր այդ դուք եք այս խորհրդարանը պահում, այդ պատճառով չի ցրվում ԱԺ-ն, որպեսզի գնանք արտահերթ ընտրությունների:
Հիմա ինչ եմ ուզում ասել.
Հարգելի' քաղաքական ուժեր, փորձագետներ եւ քաղաքագետներ, վերջապես կողմնորոշվեք, թե դուք ինչ եք ուզում` արտահերթ ընտրությու՞ն, թե՞ հրաժարական, թե՞ հրաժարական ու հետո արտահերթ ընտրություն:
Նախ ինքներդ որոշեք` ինչ եք ուզում, նոր հետո, որ կձեւակերպեք ձեր պահանջը, նորից կխոսենք, ու հանկարծ չփորձե'ք ձեր անորոշ պահանջները գցել խորհրդարանական ընդդիմության գրպանը:
Այս պահին խորհրդարանը միակ լեգիտիմ մարմինն է, խորհրդարանական ընդդիմությունն առավել եւս լեգիտիմ է, եւ ցանկացած արշավ ընդդեմ խորհրդրարանական ընդդիմության ի սկզբանե ձախողված է»։