Ծանրագույն իրավիճակում հայտնված Արցախի պետականության հետագա կենսագործունեությունն ապահովելու համար խաղաղապահ ուժերի առկայությունը տարածաշրջանում պարտադիր անհրաժեշտություն է, բայց ոչ խնդրի վերջնական լուծում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Ստեղծված իրավիճակի հանգուցալուծման բանալին սեփական անվտանգային համակարգի վերականգնման ու հզորացման մեջ է:
Անկասկած է, որ մեր երբեմնի հզոր և մարտունակ բանակի կարողություններն ու համբավը վերականգնելու ճանապարհին մենք ունենալու ենք լուրջ հակազդեցություններ ինչպես դրսից, այնպես էլ ներսից, և դա օրինաչափ է:
Օբյեկտիվ իրականությունը մեզնից պահանջում է այդ գործընթացների իրականացման ժամանակ լինել առավել զգոն և հեռահայաց, քանի որ մեր անցնելիք ճանապարհը ոչ միայն ականազերծված չէ, այլև հավելյալ ականապատ է և այն ստիպված ենք անցնել առավել մեծ զգուշավորությամբ ու անակնկալ սպասումներով...
Մենք ունենք առաջ շարժվելու մեկ ճանապարհ՝ հավատանք ինքներս մեզ ու գործենք...
Բացառենք երկրի ներսում «հների և նորերի» արհեստական ջրբաժաններ ստեղծելու ապազգային ու կործանարար քարոզչությունը և, որ շատ կարևոր է՝ հենվելով հներին ու նորերին միավորող ստեղծարար արժեքների վրա, վերստին կառուցենք ՄԵՐԸ:
Իսկ դա մենք կարող ենք... Մենք կարող ենք հատկապես նրանց օժանդակությամբ, ում խորթ է նվաստացուցիչ հայտարարությամբ ամրագրված դառը պարտության համը»: