8 ամիս առաջ, երբ Միքայել Մինասյանը հրապարակայնորեն մեղադրեց «Պադրոն Դավիթին» զենքի առևտրում մախինացիաների համար, նիկոլականների ու ՊՆ-ի ամբողջ քարոզչական զորքը նետվեց Դավիթին պաշտպանելու։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:
«Է՛լ ժանգոտ «Օսաներն» էին գովում, է՛լ հեքիաթներ պատմում, որ «այսուհետ մեր օդը փակ է» և այլն, և այլն։ Մի խոսքով՝ Ազգի Նվիրյալ Հրեշտակ Դավիթ։
[Ընդ որում այդպես էլ չպատասխանելով, թե օրենքի տեսակետից իբր մաքուր գործարքն ինչու էր օֆշորներով արվում, այդպես էլ հստակ չհերքելով Ռուսաստանից ներքին՝ արտոնյալ գներով զենքը իբր Հայաստանի համար գնելու և հետո 3րդ երկրներին թանկով վերավաճառելու մեղադրանքը։ Չմեկնաբանվեցին նաև Նիկոլի հետ ջան-ջիգյար ֆոտոները, և այլն, և այլն։]
Բայց այսօր, երբ Նիկոլին շտապ պետք է պատերազմում պարտության մեղավորներ նշանակել ու երբ ԱԱԾ-ն 4–5 քրեական գործ է հարուցում ու «Հրեշտակ Դավիթին» ձերբակալում, նույն քարոզիչները փորձում են վերածել դա Նիկոլի պիառ-հաղթանակի։
Այսպես լպիրշ, ցինիկ մանիպուլյացիաներով հնարավոր է խաբել միայն այն հասարակությանը, որը հիշողություն չունի։
Ինչպես Միքայելն էր ասում. 24-ժամյա ցիկլով ապրող «Երկիր՝ Հայկական Ժամանակ»։
Բայց չկարծեք, թե ժողովրդի այս ամնեզիան բնական երևույթ է։ Նիկոլական, սորոսական քարոզչամեքենաները զօր ու գիշեր աշխատում են ժողովրդի հիշողությունը ջնջելու, խմբագրելու, ինչպես նաև կեղծ «հիշողություններ» ցանելու համար։ Այդ ամենը՝ մեր վճարած հարկերով։
Հենց այդ պատճառով շատերը «հիշում են», թե ինչպես է Վազգեն Մանուկյանը «Գետաշենը ծախել» (իրականում չի ծախել ու չէր կարող ծախել, նույնիսկ եթե ուզենար), բայց չեն հիշում, որ ընդամենը 8 ամիս առաջ իշխանական հաստիքավոր ու արտահաստիքավոր խաբեբաներն իրար հերթ չտալով Պադրոն Դավիթ էին արդարացնում...»,- գրել է նա: