ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Իշխանության ներկայացուցիչները շարունակում են պնդել, որ երեկ Մոսկվայում ստորագրված նոր փաստաթուղթը ձեռնտու է Հայաստանին, քանի որ ըստ դրա՝ հնարավորություն կստանանք երկաթուղով Ադրբեջանի տարածքով կապ հաստատել Ռուսաստանի հետ՝ թյուր կարծիք տարածքելով, թե դա այսուհետ անվտանգ է լինելու։
Ընդգծեմ՝ Ադրբեջանի տարածքով՝
. այն երկրի տարածքով, որը մինչ այժմ չի վերադարձրել մեր ռազմագերիներին, գերի ընկած քաղաքացիական անձանց,
. այն երկրի տարածքով, որի իշխանությունների հայատյաց քաղաքականության արդյունքում և այդ իշխանության թողտվությամբ ու վստահաբար նաև հավանությամբ՝ այդ երկրի զինված ուժերի ծառայողները իսլամական պետությանը համանման մեթոդներով խոշտանգեցին ու գլխատեցին մեր զինվորներին ու քաղաքացիներին՝ չխնայելով անգամ ծերերին ու հիվանդներին,
. այն պետության տարածքով, որը մեր դեմ չխորշեց օգտագործել վարձու ահաբեկիչների,
. այն պետության տարածքով, որի կողմից ռմբակոծվեց ծննդատուն և եկեղեցի,
. այն պետության տարածքով, որի զինծառայողը հերոսացվեց ու ամենաբարձր մակարդակով պարգևատրվեց մեր սպային քնած ժամանակ կացնահարելու համար ․․․
Շարունակեք պնդել, որ դուք լուրջ ձեռքբերումներ ունեք»։