ԱՀ աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարար Մանե Թանդիլյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Անցնող տարին մեր պատմության ամենաողբերգական էջերից է։ Ցասումն ու ցավը դեռ երկար է ուղեկցելու մեզ՝ որպես մեր կյանքի անբաժան մաս։
Հանուն մեր հերոսների չապրած կյանքի, մենք պարտավոր ենք մեր ամեն օրը ապրել ապագայի տեսլականով, արարելու տեսլականով, ապրելու տեսլականով։ Մեր մտքերն ու քայլերը պետք է ծառայեն Հայաստանի և Արցախի ապագային։
Արցախը մեր հայրենիքի անբաժան մասն է։ Արցախի վերապրումը լոկ խոսքեր չեն կարող լինել։ Արցախն ապրեցրելու առաքելությունը պետք է լինի Հայաստանի նոր տեսլականի հիմնասյունը։
Արցախը ապրում է, վիրավոր, բայց ապրում է ու ապրեցնելու է։
Միայն հզոր ու զարգացած Հայաստան և Արցախ ունենալն է դառնալու անվտանգության և խաղաղության երաշխիքը։
Իմ բոլոր ջանքերը շարունակելու եմ ներդնել հանուն հզոր ու բարեկեցիկ Հայաստանի ու Արցախի, հանուն Արցախի և Հայաստանի սոցիալական անվտանգության, որի հիմքում լինելու է մարդը՝ որպես բարձրագույն արժեք»։