Այս հանցագործությունը վաղ թե ուշ բացահայտվելու է և 1000-ավոր մեր որդիների մահվան և Արցախը թշնամուն հանձնելու համար մեղավոր բոլոր անձիք, ներառյալ հանցագործությունը պարտակող քննիչն ու հսկող դատախազը, ենթարկվելու են խստագույն քրեական պատասխանատվության։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը:

«Ինչպես, կամ ու՞մ պատճառով զոհվեցին հազարավոր զինվորներն ու ՀՀ զինված ուժերը վերածվեցին կամավորական ջոկատների։

Պատերազմի երրորդ օրը լրահամալրումը դադարեցնելու Նիկոլ Փաշինյանի հրամանի մասին մեկ ամիս առաջ հայտարարեց նախկին գլխավոր ռազմական տեսուչ Մովսես Հակոբյանը։ Հայտարարությունը մեծ աղմուկ առաջացրեց Հայաստանում, նույնիսկ ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով ՀՔԾ-ում հարուցվեց քր. գործ։ Ես ինքս հաղորդում ներկայացրեցի պետական դավաճանության հատկանիշներով։ Բայց դրա մասին քիչ ուշ։

Հիմա ավելի կոնկրետ փաստերով։

ՀՀ զինված ուժերը պատերազմի ժամանակ անցնում են համալրման այլ ռեժիմի, որի ընթացքում կորցրած հրամանատարներին կամ զինվորներին փոխարինելու են ուղարկում զինկոմիսարիատներին կցված պահեստային այնպիսի զինվորականներ, որոնք ունեն պահանջվող մասնագիտացում, ծանոթ են տեղանքին և տիրապետում են կոնկրետ պայմաններում մարտ վարելու կարողություններին։

Որպես օրինակ բերեմ կոնկրետ դեպք։ Հադրութի շրջանում զոհվել կամ վիրավորվել է ականանետային դասակի հրամանատարը, ինչի հետևանքով դասակը մնացել է առանց կառավարման։ 24-ից 48 ժամվա ընթացքում այդ տեղը պետք է համալրվի զինկոմիսարիատներին կցագրված ականանետային գործի գիտակ և Հադրութում ծառայություն անցած պահեստային զինվորականով, որը անմիջապես պետք է ստանձնի դասակի հրամանատարությունը։

Ի՞նչ է տեղի ունեցել իրականում։

Մարտական գործողությունների ընթացքում թափուր մնացած տեղերը համալրվել են ոչ թե պահեստային զինվորականներով, ինչպես պահանջում է կարգը, այլ, ուշադրություն, ԿԱՄԱՎՈՐԱԿԱՆՆԵՐՈՎ, որոնք չեն տիրապետել ռազմական գործին, չունեին մասնագիտական փորձառություն և չէին կարող կառավարել իրենց ենթակայությանը հանձնված զինվորական միավորումները։

Այս խայտառակ հանցագործության հետևանքով բազմաթիվ պատրաստված զինվորականներ մնացել են սպասող զինկոմիսարիատների կանչին կամ ՊՆ ուսումնա-մարզական զորամասերում, իսկ ՀՀ կանոնավոր բանակը վերածվել է անկանոն նահանջի և փախուստի մեջ գտնվող կամավորական ջոկատների՝ տալով հարյուրավոր զոհեր։

Հիմա անդրադառնանք ՀՔԾ-ու քննվող քրեական գործին

ՀՔԾ քննիչը հարցաքննել է լրահամալրման և զորահամալրման գործընթացի համար պատասխանատու ՊՆ գլխավոր շտաբի պաշտոնյաների, որոնք ուղղակի պատասխանատու և մեղավոր էին այս գործընթացը տապալելու համար, ստացել նրանց հավաստիացումներ այն մասին, որ ամեն ինչ ճիշտ է արվել, և որոշել է հերքել Գլխավոր ռազմական տեսուչի հայտնած ծայրահեղ ծանր հանցագործության այդ դրվագը։

Հսկող դատախազը, առանց խորանալու այս հանցագործության դետալների ու նյուանսների մեջ, շտապել է նույնությամբ կրկնել ՀՔԾ քննիչի դիլետանտ որոշումը՝ րոպե առաջ իրենց քաղաքական ղեկավար պետական դավաճանի խանգարված հույզերը բավարարելու և անձնական հավատարմությունը կրկին անգամ հաստատելու նպատակով։

Ուրեմն լավ իմացեք, այս հանցագործությունը վաղ թե ուշ բացահայտվելու է և 1000-ավոր մեր որդիների մահվան և Արցախը թշնամուն հանձնելու համար մեղավոր բոլոր անձիք, ներառյալ հանցագործությունը պարտակող քննիչն ու հսկող դատախազը, ենթարկվելու են խստագույն քրեական պատասխանատվության։

Քիչ է մնացել, համբերեք, մոտենում է ձեր դատարանի և ահեղ դատաստանի ժամը»։