Հաղորդավարուհի Լիլիթ Մուրադյանը նոր գրառում է կատարել՝ անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին։ Երիտասարդ մայրիկը նշել է՝ փորձել է լռել, սակայն չի ստացվում։
«Փորձում եմ լռել, բայց չի ստացվում, չենք կարող լռել, հիմա դրա ժամանակը չէ, մարդն իր տեսակով Ռոբինզոն է, ուշ թե շուտ համակերպվում է ստեղծված իրավիճակի հետ և շարունակում է գոյատեւել, մենք բոլորս ենք այդպիսին։ Սկզբում շոկ, հետո՝ հուսահատություն, զայրույթ, անորոշություն...անցնում են օրեր, շաբաթներ, եւ մենք կամա թե ակամա հետ ենք վերադառնում մեր հին կյանքին, եթե մարդը սովորում է ապրել փողոցում, բանտախցում, կամ անմարդաբնակ կղզում, ապա իհարկե կապրի նաև այս ստեղծված իրականության մեջ, բայց այդ նույն մարդն ունի անբացատրելի ուժ, որի անունն է պայքար, պայքար վաղվա օրվա, պայքար ավելի լավը դառնալու, պայքար կատարելագործվելու, ստեղծելու, արարելու համար։
Եկեք միասին որոշենք մենք դոփում ենք նույն տեղում, թե՞ ... ես չեմ ուզում ընդունել իրականությունը, ես չե’մ ընդունում, որ մենք թույլ ենք, որ մեր բանակը մարտունակ չէր, որ մենք խեղճ ենք եւ հետեւաբար պետք է լռենք, ես չեմ կարող ապրել մի իրականության մեջ, որտեղ թշնամին մեզ անվանում է «քոչվոր», երբ դրսում ապրող հայ երեխան դպրոցում գլուխը կախ արագ անցնում է, որ ծաղրանքի չարժանանա... ո՞ւր է մեր այն հաղթական ոգին, ո՞ւր կորավ...կոտրեցի՞ն...մեր պատմությունն են ուզում ջնջել, ուզում են, որ հարյուր տարի հետո հայի անունը չլինի, իսկ ի՞նչ ենք անում մենք այս պահին...»,- գրել է նա։