«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Երեկ ընդդիմադիր կուսակցությունների դաշինքը վերջապես ներկայացրեց Ազգային համաձայնության կառավարության իր վարչապետի թեկնածուին՝ Վազգեն Մանուկյանին։ Ես թեև արդեն երեք շաբաթ է կասեցրել եմ իմ քաղաքական գործունեությունը և չեմ մասնակցում ընդդիմության աշխատանքներին, ցանկանում եմ ողջունել այս առաջադրումը, մի քանի նկատառումներով՝
ա) ընդդիմությունը ոչ թե պետք է պարզապես պայքարի ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և իր իշխանության, այլ հասարակությանը ապագա Հայաստանի վստահելի տեսլական ներկայացնի, որում չեն կրկնվելու անցյալի բոլոր այն սխալները, որոնք ի վերջո հանգեցրին այսօրվա աղետալի վիճակին,
բ) Ազգային համաձայնության կառավարության ղեկավարը պետք է լինի փորձառու գործիչ, որը հարգանք է վայելում թե երկրի ներսում, և թե մեր արտաքին գործընկերների մոտ, և որն իր գործունեությամբ կարող է նվազագույնի հասցնել այն աշխարհաքաղաքական կորուստները, որոնք ցավալիորեն անխուսափելի են դարձել պատերազմում կրած պարտության արդյունքում,
գ) թեև Վազգեն Մանուկյանի քաղաքական անցյալում կան ցավալի սխալներ և բացթողումներ, սակայն Հայաստանում չկա և որևէ մեկ անսխալական քաղաքական գործիչ, և ի տարբերություն շատ ուրիշների, Վազգեն Մանուկյանի դեպքում չկա ընդգծված միտում՝ ստորադասելու երկրի շահը նեղ անձնական շահերին, այն, ինչ ցավալիորեն հատուկ է բազմաթիվ այլ գործիչների,
դ) ի տարբերություն այլ գործիչների՝ Վազգեն Մանուկյանը պատրաստ է պաշտոնավարել մեկ տարի, և հեռանալ քաղաքականությունից նոր ընտրություններից հետո՝ սա կարևորագույն գործոն է, որը երաշխավորում է խաղի արդար պայմաններ բոլոր քաղաքական ուժերի, և հասարակության համար, նրանից հետո, երն երկիրը դուրս կգա այսօրվա ճգնաժամից։
Դրանով հանդերձ, Վազգեն Մանուկյանը դեռ դժվարին ճանապարհ ունի անցնելու՝ համախմբելու քաղաքական դաշտը իր թեկնածության շուրջ։ Նախ, նա պետք է ներկայացնի հանրությանը սեփական հակաճգնաժամային տեսլականը, և այն պետք է լինի իրատեսական և համոզիչ, և հասարակությունը պետք է դրա մեջ տեսնի իրեն տանջող հարցերի լուծումները։
Երկրորդը, նա պետք է ներկայացնի Ազգային համաձայնության կառավարության ապագա կազմը, և այն պետք է լինի մաքսիմալ պրոֆեսիոնալ, բաղկացած համապատասխան ոլորտների հեղինակավոր մասնագետներից, և նվազագույնս կուսակցականացված՝ սա կարևոր երաշխիք է, որ նոր Կառավարությունը թևերը քշտած կաշխատի, ոչ թե կզբաղվի ներքին վեճերով։
Եվ թերևս երրորդը և ամենակարևորը՝ նա պետք է կարողանա անմիջական հաղորդակցության մեջ մտնել և ստանալ «Իմ քայլ»-ի պատգամավորների վստահությունը առ այն, որ նրան ընտրելուց հետո, չի կրկնվելու, հիմա արդեն հակառակ նշանով, այն քաղաքական վենդետտան, որը 2018 թ․ կարճամտորեն ծավալեց Նիկոլ Փաշինյանը, և որն արդյունքում բերեց երկրի համար աղետալի հետևանքների։ Ավելին, «Իմ քայլի» ներկայացուցիչները պետք է համոզված լինեն, որ մեկ տարի անց, նրանց ևս կարող են մասնակցել նոր ընտրություններին, և ստանալ իրենց համակիրների հավաքական քվեն, ինչպես և մնացած քաղաքական ուժերը, ուստի նրանց նկատմամբ բոլոր սպառնալիքները պետք է դադարեն, և նրանք ևս պետք է ներառվեն ապագա քաղաքական պրոցեսների մեջ։
Այսքանով ես ցանկանում եմ հաջողություն ցանկանալ պարոն Մանուկյանին։ Սա այն դեպքն է, երբ խաղադրույքները երկրի համար հսկայական են, և լուծվում է ոչ թե անձի խնդիր, այլ խորքային ծանր ճգնաճամի հաղթահարման, ուստի նրա հաջողությունից շատ բան է կախված յուրաքանչյուրիս համար։ Հուսով եմ, որ քաղաքական պրոցեսների արդյունքում, սահմանադրական մեխանիզմով ի վերջո նոր, Ազգային համաձայնության կառավարություն կձևավորվի, և իմ պատրաստակամությունն եմ հայտնում ուժերիս ներածի չափով նպաստել մեր երկրում առկա ծանր ճգնաժամի հաղթահարմանը»։