ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ուրեմն լսեք հիմա ինչ եմ ասում
Գնալով համառ են դառնում լուրերը, որ այս իշխանությունն այդուհանդերձ, որոշել է հատել ադեկվատության բոլոր սահմանները եւ քրեական գործեր հարուցել իմ եւ իմ որոշ գործընկերների հանդեպ։ Ավելին, քանի որ տարբեր համակարգերում դեռևս կան ադեկվատ մարդիկ, մեզ փոխանցում են, որ իմ և իմ գործընկերների վրա շատ ինտենսիվորեն քրեական գործեր են «կարվում», պեղվում են ինչ-որ մարդիկ, մոնտաժվում են գաղտնալսված հեռախոսազրույցներ և ես չեմ բացառում, որ ինչ-որ պահի այդ ստի, ապատեղեկատվության, անամոթության, կեղծիքի փաթեթը տան գլխավոր դատախազի ձեռքը և ուղարկեն խորհրդարան, ինչպես արեցին Գագիկ Ծառուկյանի դեպքում։
Ուրեմն լսեք ինչ եմ ասում։
Նա, ով այս ամենի պատվիրատուն է, ինձ շատ լավ է ճանաչում ու շատ լավ գիտի, որ ինձ որևէ բանով վախեցնել հնարավոր չէ: Ինձ կապել ընտրական կեղծիքի հետ, դա երևի թե Գինեսի ռեկորդների գրքին արժանի աբսուրդը կլինի, անկախ նրանից, թե քանի՞ գաղտնալսում են իրենց ճաշակով մոնտաժել ու քանի՞ մարդ են պեղել, ովքեր կեղծ ցուցմունքներ են տվել, կամ դեռ տալու են: Ու էդ մարդիկ շատ լավ պիտի իմանան, որ մի օր, իսկ այդ օրը վստահաբար հեռու չէ, իմ, իմ գործընկերների դեմ բոլոր կեղծ ցուցմունքներ տվողները դատվելու են՝ էս լկտի քաղաքական հետապնդման բոլոր պատասխանատուների հետ ձեռք ձեռքի տված։
Հա, գիտեմ, որ խնդիր եք դրել նաեւ, որ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահի պաշտոնից էլ հանեք։ Գիտեք, ես կարող եմ ցանկացած պահի ինքս վայր դնել հանձնաժողովի նախագահի լիազորությունն ու որպես պատգամավոր շատ ավելի ազատ կլինեմ, բայց սկզբունքորեն չեմ անելու։ Սպասելու եմ, որ դա դուք անեք ու հետո նայելու եմ ձեր միջի էն մի քանի պարկեշտ մարդկանց աչքերին, ովքեր կատարելու են, պարզապես չեն կարող չկատարել բոլոր նողկալի հրահանգները։
Ուստի, ձեր հետագա քայլերը թեթեւանցելու համար մի փոքր «սպռավոչկա»՝ ո՛չ պատգամավորական անձեռնմխելիությունից զրկվելուց ենք վախենում, ո՛չ էլ, որքան էլ ձեզ համար տարօրինակ թվա՝ կալանավորվելուց։
Նա, ով այս ամենը նախաձեռնել է, ով հրահանգ է տվել իրավապահ համակարգին կյանքի գնով մեզ մեկուսացնել, մտածելու շատ բան ունի:
Ամենայն մանրամասնությամբ գիտենք՝ ո՞ւմ ինչ հրահանգ է տրված, ինչպիսի՞ իրավիճակում են դրված մարդիկ, ովքեր գզիրի նման գյուղեգյուղ ընկած մարդիկ են պեղում, որ մեր դեմ ցուցմունքներ տան:
Հանկարծ մտքներով չանցնի, որ էս կարգի արշավներով ինձ կարող եք լռեցնել։ Ես վաղուց արդեն իմ ընտանիքին նախապատրաստել եմ, որ պատրաստ լինեն ձեր կողմից ամենաանբարո, ամենազազրելի քայլերի, որովհետեւ դուք ամեն ինչի եք ընդունակ։ Ամենապիղծ քայլերի։
Ամեն ինչ ունի իր ժամանակը։ Գալու է նաեւ այս ամենի համար պատասխան տալու ձեր ժամանակը։ Հանկարծ մտքներովդ չանցնի, թե ինչ-որ մեկը փախնելու է պատասխանատվությունից։
Հաշվեհարդարներ չեն լինելու։ Ես լինելու եմ էն մարդը, ով կանգնելու է ձեզ հետ հաշվեհարդար տեսնել ցանկացողների օրեցօր աճող բանակի դիմաց ու թույլ չի տալու։
Որովհետեւ դուք դեռ շատ բաների համար պատասխան պիտի տաք։ Առանց հաշվահարդարների։
Օրենքի առաջ»։