ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդներն ի՞նչ պիտի անեն
Ահա այս երեք հրաշալի աղջիկները՝ Անգելինա Կոգուրը, Արևիկ Զաքարյանն ու Տաթևիկ Սահակյանը դիմել են ինձ և հիմա ես էլ դիմում եմ Ձեզ, պարո՛ն վարչապետ, քանզի գիտության, կրթության ու մնացյալի նախարարությանը, ինչպես նաև արտաքին գործերի նախարարությանը դիմելը, պարզվեց, անօգուտ է։
Աղջիկները Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներ են, Erasmus+ ծրագրին դիմել են համալսարանի ՄՈԳ-երով և համալսարանը Լատվիայում սովորելու համար իրենց է ընտրել։
Այսպիսով, Արևիկը, Տաթևիկն ու Անգելինան ստացել են Erasmus+ կրեդիտային շարժունության ծրագրով ուսանելու են Եվրոպայում ու այս օրերին արդեն պիտի մեկնեին Լատվիա՝ սեպտեմբերից սկսելու իրենց ուսումը։
Բայց մեր սահմանների փակ լինելու պատճառով չեն կարողանում։ Բնականաբար, չեն կարողանում նաև ելքի վիզա ստանալ։
«Սա մեր կյանքի կարևորագույն ձեռքբերումներից է, մենք ունենք բացառիկ հնարավորություն ստանալու որակյալ կրթություն և պիտանի լինելու մեր հայրենիքին։ Բայց այսօր մնացել ենք «օդից կախված»»,- ինձ գրել է Անգելինան: Աղջիկները դիմել են Վրաստանում Լատվիայի դեսպանությանը, սակայն, նրանք հրաժարվել են վիզա տրամադրել, քանզի Վրաստանի հետ Հայաստանի սահմանը փակ է: Դիմել են Մինսկում Լատվիայի դեսպանությանը, սակայն որևէ պաշտոնական պատասխան չեն ստացել, պարզապես իրենց ասվել է, որ այդ դեսպանությունն իրենց վիզա տրամադրելու լիազորություն չունի:
Անգելինան, Տաթևիկն ու Արևիկը դիմել են նաև Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը, և կրկին ոչ մի արձագանք։ Դիմել են ԿԳՄՍՆ նախարարին, էդտեղից էլ իրենց կրկին ուղղորդել են արտաքին գործերի նախարարություն։
Հարցս, պարո՛ն վարչապետ, շատ պարզ է. վստահաբար, այս շնորհալի աղջիկները միակը չեն, որ ընդունվել են եվրոպական բուհեր և որպես արտակարգ դրության ռեժիմի հետևանք՝ փակ սահմանների պատճառով չեն կարողանում գնալ սովորելու։
Ես շատ եմ ուզում օգնել Անգելինային, Արևիկին, Տաթևիկին ու մնացյալ երիտասարդներին, ովքեր ընդունվել են արտերկրի ուսումնական հաստատություններ, 20 օրից սկսվելու են դասերը, սակայն վերջիններս անգամ ելքի վիզա ստանալ չեն կարողանում մեր զմռսված սահմանների պատճառով։
Անկեղծ, շատ եմ ուզում օգնել, բայց չգիտեմ՝ ինչպես։
Միգուցե կհուշե՞ք ինձ ինչ անեն Անգելինան, Արևիկը, Տաթևիկն ու արտերկրի բուհեր ընդունված մեր մյուս երիտասարդները։
Ի վերջո, մենք, որպես պետություն, ունե՞նք թե չունե՞նք պատասխանատվություն այս երիտասարդների հանդեպ։
Ինձ, չգիտես՝ ինչու, թվում է, որ մենք մեծ պատասխանատվություն ունենք այս երիտասարդների հանդեպ»։