«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այո՛, կարելի է և պետք է ինքնապաշտպանվել: Այո՛, կարելի է և պետք է քո վրա զենքով եկողին հոր հարսնիք հիշեցնել: Բայց խնդրում եմ, պետք չի ադրբեջանցի խաղաղ ցուցարար ծեծել, դա պատիվ չի բերում:
Աշխարհի որևէ կետում ազգային հողի վրա խաղաղ մարդ ծեծելով մենք շատ թուլացնում ենք այն պնդումները, որ մենք վեհ ենք դրանից, որ իրենք են, որ խաղաղ բնակչության վրա են հարձակվում:
Դա Ադրբեջանն է, որ սահմանամերձ գյուղերի խաղաղ բնակչության վրա է «դուխը» հերիքում: Դա ադրբեջանական զինվորներն են, որ Թալիշում ծերերի են գնդակահարում ու ականջ կտրում: Դա Ադրբեջանն է, որ հերոսացնում է կացինով քնած մարդուն սպանելը:
Մենք՝ որպես պետություն ու քաղաքացիներ, դրանից վեր ենք, մենք դրանից ուժեղ ենք, մենք հաղթող ենք»: