Այսօր լրանում է Կիպրոս թուրքական ներխուժման 46-րդ տարին: Պատմական այս իրադարձության կապակցությամբ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի, Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը լիակատար և անվերապահ աջակցություն ու համերաշխություն է հայտնել Կիպրոսի Հանրապետությանը.
«Հազարավոր կիպրացիներ սպանվեցին կամ վիրավորվեցին ներխուժման ժամանակ և ավելի քան 200 000 մարդ փախստական դարձավ: Կիպրոսի հյուսիսային մասն առ այսօր շարունակում է օկուպացված մնալ թուրքական իշխանությունների կողմից: Թուրքիայի շարունակական սադրիչ, ապակառուցողական և ապօրինի գործողությունները Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանում և նրա՝ գնալով է՛լ ավելի ռազմատենչ դարձող քաղաքականությունը խաթարում է տարածաշրջանային խաղաղությունն ու կայունությունը:
Մենք մեր լիակատար և անվերապահ աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում Կիպրոսի Հանրապետությանը և նրա ժողովրդին այս ողբերգական տարելիցի կապակցությամբ և վերահաստատում ենք մեր աջակցությունը Կիպրոսին հակամարտությունը կարգավորելու համար»,- գրել է Հայրապետյանը: