«Լուսավոր Հայաստան»-ի ցուցակով Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Արման Բաբաջանյանը շաբաթներ առաջ վայր էր դրել պատգամավորական մանդատը: Երկու ամիս անց «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը որոշել է համալրել թափուր մնացած աթոռը և վերականգնել պատգամավորական մանդատը՝ հունիսի 22-ին դիմելով Կենտրոնական ընտրական հանձնաժողով: 

 

ԼՀԿ-ի հայտարարությանը հետևեց իմքայլական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի ֆեյսբուքյան գրառումը: Պատգամավորը, բացառելով հեգնանքը, նախ Էդմոն Մարուքյանին հիշեցրեց նրա իրավագիտության մագիստրոս լինելու հանգամանքը, ապա  առաջարկեց խմբակցության պատգամավորներին՝  դուրս գալ և ապա, նորից վերականգնելով մանդատը, խմբակցության պատգամավորների թիվը հասցնել 261-ի: 

«Իմ քայլ»-ը խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ԼՈՒՐԵՐ.com -ի հետ զրույցում այդ գործընթացը անհնար համարեց՝ շեշտելով դրա անօրինական լինելու հանգամանքը: «Որքանով ծանոթ եմ օրենսգրքին, դա անհնար գործընթաց է և այս պարագայում անկախ պատգամավորի դեպքում իրենք որևէ կերպ իրենց մանդատը չեն կարող վերականգնել»:

Պատգամավորը նշեց, որ ընտրական օրենսգրքի բացերը շուտով կլրացվեն և որ այդ հարցում  անելիքներ շատ ունեն: Ինչ վերաբերում է  այն հարցին, թե ինչու «Լուսավոր Հայաստան»-ը 2 ամիս անց միայն որոշեց  դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով  և արդյոք իրավունք ունեն նման հայտարարություն անելու, Սոֆյա Հովսեփյանը պատասխանեց․ «Ես տեղեկություն չունեմ և ինձ չի էլ հետաքրքրում, թե իրենք ինչ պայմանավորվածություն և ինչ խնդիրներ ունեն իրար մեջ: Ինչ վերաբերում է իրավունքներին, եթե այդ իրավունքն ունենային, այն ժամանակ կդիմեին, երբ պատգամավորը  հրաժարվել էր մանդատից»:

Ի վերջո, պահանջը օրինական է, թե ոչ: Ինչպիսի հետևանքներ կարող է ունենալ նման նախադեպը և ինչ կարգավիճակ կունենա Արման Բաբաջանյանը,  ԼՀԿ խոսնակ Արեն Պետունցը մեզ պատասխանեց՝ ընտրական օրենսգրքից մեջբերում կատարելով․ «Ընտրական օրենսգիրքը պահանջում է, որ ընդդիմությունը խորհրդարանում կազմի ընդհանուրի ոչ պակաս, քան 1/3-ը: Բացի այդ, ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի վերլուծությունը  ցույց  է տալիս, որ ընդդիմադիր սուբյեկտ կարող է լինել միայն խմբակցությունը, այսինքն անկախ պատգամավորների սուբյեկտը այս պարագայում չի գործում: Այդ պատճառով ԼՀԿ-ն դիմել է, որ մեր մանդատը վերականգնվի: Դա արդեն պարզ կլինի ԿԸՀ-ի նիստից հետո: Արեն Պետունցը չցանկացավ մեկնաբանել, թե ինչ կարգավիճակ կունենա այս պարագայում Արման Բաբաջանյանը»:

Թե ինչ եզրահանգում կունենա իրավական այս թնջուկը, ԿԸՀ նիստը կտա բոլոր հարցերի պատասխանները: