Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Վերստին ասելիքիս հասցեատերը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է
Արդեն ասել եմ, որ Արսեն Թորոսյանը, փաստորեն, սաբոտաժի է ենթարկում «Արմենիկում» դեղամիջոցի հակակորոնավիրուսային ազդեցությունը լեգալ հիմունքներով չեզոք մասնագիտացված, միջազգային բարձր վարկ ունեցող կազմակերպության կողմից ստուգելու հայտը:
Քանի որ այսօրինակ մերժման բժշկական, մասնագիտական հիմքերը բացակայում են, ստիպված հանգում եմ այն եզրակացության, որ գոյություն ունեն այլ պատճառներ, որոնցից մեկնումեկը կամ որոնց համակցությունը հանգեցրել է Արսեն Թորոսյանի այսօրինակ պահվածքի: Այդ պատճառները կարող են ունենալ ներքաղաքական կամ անձնական բնույթ, կարող են նաև թելադրված լինել արտաքին միջավայրից կողմից: Ընդ որում՝ դրանց բացահայտումը նաև լույս կսփռի այն հարցի վրա, թե արդյոք այս դեպքում կա ներքաղաքական պատվեր, թե նախարար Թորոսյանը պարզապես, թաքնվելով վարչապետ Փաշինյանի լայն քաղաքական թիկունքի ստվերում, ինչ-ինչ խնդիրներ է լուծում, որոնք ՀՀ պետության և քաղաքացիների իրական շահերի հետ առնչություն չունեն:
Վարկածների քննությունը սկսենք նախարար Թորոսյանի՝ կորոնավիրուսով հիվանդներին «Պլակվենիլ» դեղամիջոցով բուժելու վերաբերյալ 2020թ. մարտի 25-ի թիվ 1090-Ա հրամանից (ապրիլի 28 թիվ 1370-Ա հրամանով հաստատված նոր խմբագրությամբ): Այդ դեղամիջոցը դեռևս կլինիկական փորձարկումներ չի անցել և նախատեսված չէ բուժման համար: Ավելին՝ արդեն մոտ մեկ ամիս է, ինչ միջազգային կառույցներն արդեն անգամ նպատակահարմար չեն գտնում այդ դեղամիջոցի կլինիկական փորձարկումները, քանի որ նկատվել է, որ դեղամիջոցն ընդունած հիվանդների շրջանում մահացությունն ավելի բարձր է, քան չընդունածների մոտ: Հայաստանում այս դեղամիջոցն անգամ չի էլ փորձարկվում՝ այն անմիջապես կիրառվում է «բուժման» համար և հնարավոր էլ չէ պարզել՝ մարդիկ մահանում են վիրուսից, թե այդ դեղամիջոցից: Երևում է՝ Արսեն Թորոսյանը «Պլակվենիլ» դեղամիջոցին ապօրինաբար կանաչ լույս է տվել և առանց փորձարկելու հրահանգել դրանով մարդկանց բուժել/սպանել, մինչդեռ հայրենական արտադրության դեղամիջոցի հակակորոնավիրուսային հատկանիշները լեգալ ստուգելու միանգամայն օրինական հայտը պաշտոնապես ներկայացնելու խնդրում անհաղթահարելի խոչընդոտներ է հարուցել: Ինչպես հասկանալ այս բացառիկ ապօրինությունը կամ կանխակալությունը: Ասում են, որ «Պլակվենիլ» դեղամիջոցի մեծ խմբաքանակ է բերվել Հայաստան: Բնական է, որ այս ամենն ստիպում է առաջին հերթին մտածել, որ գործողության է դրված ինչ-ինչ մարդկանց անձնական նյութական շահերն ապահովելու մեխանիզմ: Բայց դա արդեն առանձին խնդիր է, իսկ ես պնդում եմ, որ «Արմենիկումի» հանդեպ «անբացատրելի» խտրական մոտեցումը պետք է ժամ առաջ վերացվի:
Բոլոր դեպքերում վարկածների քննությունը կշարունակեմ հաջորդիվ»: