Իշխանության մեջ գտնվող ու իշխանությունը վայելող որոշ անձինք մի բացիլագույն թեզ են շրջանառում, թե բա իշխանությունների հրաժարականը պահանջողները դավաճան են, քանի որ (1) թե բա պատերազմ է, և (2) այս իշխանությունները, վիձիծե լի, ընտրվա՛ծ են։
(1) Պատերա՛զմ է։ Այս պնդմանն անդրադարձել եմ այստեղ՝ ու ավելացնելու բան չունեմ։
(2) Ընտրվա՛ծ են։ Մի կողմ եմ թողնում այն հակափաստարկը, որ ժողովրդավարական երկրում քաղաքական ուժերը և գործիչները ազատ են ցանկացած ժամանակ պահանջել ցանկացած իշխանության հրաժարական, և դրա համար նրանց պիտակավորելը սովորական տոտալիտարիզմ է։
Այլ կողմից հարցին նայենք։ Պատկերացրեք՝ թղթով-գրիչով, նոտարով-կադաստրով մի հաճելի անձնավորության հետ կնքել եք վարձակալության պայմանագիր և ձեր տունը նրան եք հանձնել 5 տարով։ Պատկերացրեցի՞ք։ Դե հիմա պատկերացրեք՝ 2 տարի անց իմանում եք, որ էդ մեկը դրել տունը ավիրել է, ախոռ է սարքել ու ինչքան անճոռնի երևույթ կա՝ բերել-լցրել է, նրանք էլ ամբողջ օրը իրար մեջ կռիվ են անում, ղալմաղալ են անում, հարևաններին են նեղացնում, հարևաններն էլ ի պատասխան՝ օրը մեջ քարով տալի՝ քո տան պատուհանները ջարդում են, լույսդ են կտրում, գազդ են անջատում, ինչ ասես չեն անում, վերջում էլ իմանում եք, որ ինքնագլուխ որոշել է ձեր սիրելի ավտոտնակը վաճառել ձեր չսիրած բեղավոր հարևանին։ Մի խոսքով՝ կաշմառ։
Բա հիմա որ գաս ու ասես՝ ա՛յ տնաքանդ, վեր կաց փասա-փուսեքդ հավաքի ու պաշոլդ քաշի տնիցս, ու նա էլ պատասխանի՝ «Դավաճա՜ն, մենք պայմանագիր ունենք, ո՞նց ես ինձ դուրս անում», դա կլինի ճի՞շտ։ Դա կլինի նորմա՞լ։ Եթե համարում եք՝ այո, ուրեմն բան չունեմ ասելու։