ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Խորհրդարանն այսօր առաջին ընթերցմամբ ընդունեց հանրաքվեն չեղարկելու մասին օրենքի նախագիծը, ինչը նույնն էր, որ ԱԺ-ն ընդուներ հունիս ամիսը չեղարկելու օրենքի նախագիծ:
Եվ քանի որ ինձ առաջարկվեց, եթե շատ եմ ուզում, հանդես գալ նման նախաձեռնությամբ, չեմ կարող մերժել մեծամասնության իմ գործընկերներին և ներկայացնում եմ օրենքի նախագիծ` մեծամասնությանն ու կառավաությանն անհարմարություններ պատճառող երևույթները ԱԺ-ի միջոցով չեղարկելու օրենքի նախագիծ:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ
«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացնել նոր՝ 19.1-րդ գլուխ՝ հետևյալ բովանդակությամբ.
<<ԳԼՈՒԽ 19.1. ԿԱՌԱՎԱՐՈՂ ԽՄԲԱԿՑՈՒԹՅԱՆԸ ԿԱՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՐՄԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՃԱՌՈՂ ԵՐԵՎՈՒՅԹՆԵՐԻ ՉԵՂԱՐԿՈՒՄԸ
Հոդված 86.1. Անհարմարություններ պատճառող երևույթները չեղարկելու նախագծի ընդունումը
1. Կառավարող խմբակցությանը կամ կառավարությանը անհարմարություններ պատճառող ժամանակամիջոցները (օր, շաբաթ, ամիս կամ տարի), բնական երևույթները (փոթորիկ, կարկուտ, երաշտ, սոդանք, աննախադեպ ցուրտ, աննախադեպ շոգ) կամ՝ նախկինում արված հայտարարությունները (այսուհետ՝ անհարմարություններ պատճառող երևույթներ) չեղարկելու անհրաժեշտության դեպքում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն երեք հինգերորդը կարող է ներկայացնել անհարմարություններ պատճառող երևույթը չեղարկելու մասին Ազգային ժողովի որոշման նախագիծ, որը Կանոնակարգի 100-րդ եւ 101-րդ հոդվածներով սահմանված կարգով Ազգային ժողովի նիստում քննարկվում և ընդունվում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 88/132-երորդով:
2. Անհարմարություններ պատճառող երևույթները չեղարկելու նախագիծը միանգամից չընդունելու դեպքում երեք ժամվա ընթացքում իրավունքի ուժով գումարվում է Ազգային Ժողովի արտահերթ նիստ՝ նույն նախագիծը պարտադիր ընդունելու հրամայական օրակարգով:
Հոդված 86.2. Անհարմարություններ պատճառող երևույթները չեղարկելու իրավական հետեւանքները
1. Անհարմարություններ պատճառող երևույթները չեղարկելու դեպքում դրանք իրավունքի ուժով համարվում են տեղի չունեցած:
2. Անհարմարություններ պատճառող չեղարկված երևույթների վկայակոչումն արգելվում է իրավունքի ուժով և իրավունքի ուժով հավասարեցվում է սուտ մատնությանը, զրպարտությանը ու առհասարակ՝ դաղալությանը:
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման նախորդող oրը»: