Ի՞նչ կմտածեք դուք, եթե լսեք, որ ինչ-որ պատերազմի ընթացքում ամեն առիթի ասվում է՝ ժողովուրդը լավ չի կռվում, այդ պատճառով էլ պարտվում ենք, կամ՝ զորքը հրամանատարներին չի լսում, այդ պատճառով էլ պարտվում ենք և այլն...
Ես, օրինակ, կմտածեմ, որ այդ պատերազմում հրամանատարությունը, գեներալիտետն անպիտան է, եւ որ նրանց պետք է առնվազն աստիճանազրկել ու ուղարկել զինվորական խոհանոց, եթե ոչ տրիբունալ... Որովհետև պատերազմի ժամանակ ստրատեգիան, պլանավորումը, կազմակերպումը, ղեկավարումը հենց հրամանատարությա՛ն գործն է, և եթե «զորքը լավ չի կռվում», մեղավորը հրամանատարությունն է․ թող ավելի լավ կազմակերպեին, ավելի խելացի պլանավորեին գործողությունները, եթե մարդիկ չգիտեին կռվել, թող սովորեցնեին, պանիկայի մեջ փախչո՞ւմ էին՝ նորմալ մոտիվացնեին մարդկանց, որ «չփախչեն մարտադաշտից» կամ, վերջին հաշվով, «заградотряд»-ներ կանգնեցնեին և այլն, և այլն... Թե չէ հեշտ է ամեն ինչ գցել «շարքայինների» վրա և անմեղ ու խրոխտ հայացքով ման գալ գեներալական ուսադիրներով...
«Սա պատերազմ է»․ քանի՞ անգամ ենք լսել այս արտահայտությունը կորոնավիրուսի համաճարակի հետ կապված։ Եվ եթե այսպես գնա, մենք կարող ենք պարտվել այդ պատերազմը, պարտվել կորոնավիրուսին: Բայց հիմա ամեն անկյունից լսում ենք ու կարդում՝ ժողովուրդն է մեղավոր, ժողովուրդն անկարգապահ է, ժողովուրդը անպատասխանատու է եւ այլն։
Ժողովուրդն՝ իր ամբողջության մեջ, ինչպես նաեւ առանձին մարդիկ բնավ պարտավոր չեն լինել այսպիսի հարցերում պատրաստված կամ ինքնակազմակերպված։ Այդ իշխանություններն են պարտավոր, եթե տեսնում են, որ կազմակերպվածության կամ կարգապահության պակասը վտանգում են երկիրն ու ժողովրդին, կիրառել արդյունավետ միջոցներ, որ այդ անպատասխանատվությունը, կազմակերպվածության պակասը չկարողանան էական վնաս հասցնել։
Եթե իշխանությունները տեսնում էին, որ զանազան հիմար, դավադրապաշտական տեսություններ են տարածվում (օրինակ՝ վիրուս չկա, սուտ է) եւ վտանգում մարդկանց առողջությունը, այդ նրա՛նք պետք է դրա դեմն առնեին։ Բայց այդ հիմար տեսությունները տարածվեցին, ահագին վնաս տվեցին, և ստացվում է, որ իշխանություններն արդեն իսկ պարտվել են վիրուսի դեմ քարոզչական ճակատամարտում։
Մեր բժիշկներն ու ԱՆ-ն մեջտեղից երկու կես էլ լինեն՝ գուցե չկարողանան հաղթահարել այն կատաստրոֆիկ իրավիճակը, որն առաջանալու է, ըստ իս, հարցի հիմնականում «տնտեսական կողմին» նախապատվություն տալու, շվեդական սցենարով կամա թե ակամա գնալու, քարոզչական ու մոտիվացիոն աշխատանքում իշխանությունների պարտության պատճառով։ Տնտեսական շահերն, այո՛, էական են, բայց գերապատվություն չպետք է ստանան մարդկային կյանքերի նկատմամբ: Հնարավոր է, որ իշխանությունն ուզում է մեկ ձեռքով երկու ձմերուկ բռնել՝ եւ՛ աննախադեպ ՀՆԱ ունենալ համաճարակի ժամանակներում, եւ՛ մարդկանց կյանքերը փրկել, բայց արդյունքում կարող է այնպես ստացվել, որ երկու ձմերուկն էլ ընկեն-կոտրվեն... Եվ այդ դեպքում ճգնաժամային իրավիճակներում կառավարման կարողությունների պակասը շատերի կողմից ներկայացվելու է որպես «ժողովուրդն է մեղավոր»... Նու, ինչպես ստատուսի սկզբի հիպոթետիկ օրինակում, «պատերազմում ժողովուրդը լավ չի կռվում», իսկ գեներալները՝ կեցցե՛ն...