ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի թեթև հաշվարկ արեցի։ Իմ ընդարձակ բնակարանի գույքահարկը ներկայում կազմում է տարեկան մոտ 1800 դրամ։ Եթե նոր օրենքով բարձրանա 4 անգամ, կդառնա 7200 կամ ամսական 600 դրամ։ Նոր Նորքի (որտեղ ես ապրում եմ) ու Երևանի այլ ծայրամասերի 1, 2, 3 սենյականոց բնակարանների համար ամսավճարը հավանաբար կլինի 200-500 դրամի սահմաններում։ Այսինքն՝ միջինը երկու կապ կանաչ սոխի գումար, որի դեպքում որևէ սոցիալական լարվածության մասին խոսելն ավելորդ է։

Նաև չմոռանանք, որ այդ գումարը ոչ թե ջուրն ենք գցում, այլ մուծում ենք մեր համայնքներին՝ դրա դիմաց ստանալով ավելի լավ մայթեր ու ճանապարհներ, լուսավորություն, կանաչապատում, վերանորոգված դպրոցներ, մանկապարտեզներ, պոլիկլինիկաներ, նորացված տրանսպորտ ու վերելակներ և այլն։

Իհարկե, վստահ եմ, որ օրենքի նախագիծը դեռ որոշակի էվոլյուցիա կապրի ու կներառի հնչող բանական առաջարկները (օրինակ՝ բարձր արժեք ունեցող գույքի դեպքում տարբերակված մոտեցում ցուցաբերել մինչև 2007թ. ու դրանից հետո կառուցված կամ գնված տների համար), սակայն բարձրացող աղմուկը կարծում եմ մեծապես չափազանցված ու անտեղի է։ Հատկապես եթե հիշենք, որ այս օրենքով համայնքները հնարավորություն են ստանալու պրոգրեսիվ կերպով հարկել քաղաքացիներին և շքեղ գույք ունեցողներից գանձել շատ ավելի «շքեղ» գումարներ՝ ապահովելով սոցիալական արդարության սկզբունքը։ Սա նաև այն խոստումն էր, որը կառավարող ուժը տվել էր անցած տարվա հունիսին, երբ ընդունվում էին համահարթ եկամտահարկի վերաբերյալ հարկային օրենսգրքի փոփոխությունները»։