«Սիրելի ծնողներ, ելնելով այն հանգամանքից, որ եթերում տրամադրվող ժամանակն այնքան սուղ է, որ չեմ հասցնում հանգամանալից ներկայացնել ու հիմնավորել մեր երկրին սպառնացող սեռական դաստիարակության բոլոր վտանգները, հույժ կարևոր եմ գտնում on-line live տարբերակով ձեր հետ զրույցների կազմակերպումը, ինչն այս պահին չեմ անում, քանի որ ֆիզիկապես չեմ հասցնում»,- այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է բժիշկ-սեքսոլոգ Նարինե Ներսիսյանը։

 

Նա ահազանգել է  մեծ վտանգի մասին, քանի որ մեջտեղում բոլոր երեխաներն են. «Ես կոչով դիմում եմ նաև ինձ հակառակվել փորձող, վիրավորող մարդկանց, հարգելիներս, սա այն թեման չէ, որի շուրջ պետք է կռվենք։ Հավատացեք, ինձ բոլորովին հետաքրքիր չէ կռիվ-կռիվ խաղալը, ինչ-որ մեկին ինչ-որ բան ապացուցելը։ Ես դրա ոչ ժամանակը ունեմ, ոչ էլ ցանկությունը։ Ես չեմ ուզում նաև ինքնազոհաբերվող կերպարի դերում հանդես գալ, հանուն «արդար գործի»: Սա այդ դեպքը չէ։ ՄԵՋՏԵՂՈՒՄ ՄԵՐ ԵՐԵԽԱՆԵՐՆ ԵՆ։ Ոչ միայն իմ, նաև ձեր երեխաները։ Երեխան երեխա է, կապ չունի իմն է, թե ձերն է։ Ես հանդես եմ գալիս ոչ թե որպես Նարինե Ներսիսյան, մոռացեք իմ անձը, նայեցեք ինձ որպես փորձագետի, ով երկար, շա՜տ երկար ուսումնասիրել է սեռականության դաշտը, սեռական դաստիարակության համաշխարհային մոդելները, ով տեղյակ է այդ դաստիարակության խութերին ու թակարդներին և ուզում է փրկել հենց ձեր երեխային»։

Ն. Ներսիսյանը շեշտել է, որ ատելությունը իր անձի հանդեպ խլեցնում է մարդկանց ականջները, դուք չեն հասցնում լսել, թե ինչ է ինքն ասում։

«Կառչելով իմ բառերից ու բառակապակցություններից` դուք բաց եք թողնում ամենաէականը, որը վերաբերում է հենց ձեր երեխաների առողջությանը։ Ես կոչ եմ անում ձեզ, մի կողմ դնել բոլորիս անձնական համակրանքերն ու համակրանքները։ Ես հակաիշխանական բլոկի ներկայացուցիչ չեմ, ինձ մի հավասարեցրեք քաղաքական կուսակցականի։ Ես հակա-սեքս պրոպագանդող չեմ, հակառակը` ամբողջ կյանքս օգնում եմ մարդկանց, որ վայելեն սեռական կյանքն ու այդ կյանքի քաղցր պտուղները։ Ես հակա-ԼԳԲՏ- ական չեմ, ձեր ցավը տանեմ։ Ինձ հետաքրքրում են միմիայն մեր երեխաները, բոլորիս երեխաները։ Եկեք լսենք իրար ու գտնենք մեր երեխաների առողջության համար լավագույն տարբերակը։ Ես պատրաստ եմ իմ ողջ փորձառությամբ ծառայել այս գործին»,- եզրափակել է խոսքը Ն. Ներսիսյանը։