Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիրելի բարեկամներ, պարտքս եմ համարում բոլոր հետաքրքրվածներին տեղեկացնել, որ երեկ ինձ զանգել է Մարդու իրավունքների պաշտպան պարոն Թաթոյանը և հետաքրքրվել, թե իմ պատկերացմամբ ինչպես կարող է ինքը միջամտել կամ ազդել վերջին օրերին իմ ընտանիքի և պարոն Հարություն Մարությանի շուրջ կատարվող տարատեսակ զրպարտանքների խնդիրներին և մասնավորապես՝ իմ, պարոն Մարությանի ու նրա դուստր Արփենիկ Մարությանի ստացած սպառնալիքների հարցերին: Ես շնորհակալություն եմ հայտնել և իմ կարծիքն արտահայտել, որ իր միջամտության ձևը չեմ տեսնում, քանի որ սրանք պետական մարմինների հետ առնչվող երևույթներ չեն: Պարոն Թաթոյանն ինձ տեղեկացրեց, որ գլխավոր դատախազը մեր կողմից հանցագործության մասին ուղարկված հաղորդումը մակագրել է քննչական մարմիններին, չնայած ինքը՝ գլխավոր դատախազը, այդտեղ հանցակազմ չի տեսնում: Այսօր ինձ զանգեցին ոստիկանությունից և վաղվա համար հրավիրեցին զրույցի՝ ասելով, որ նյութեր են հավաքվում մեր դիմումի կապակցությամբ:
Հիմա նոր սկսում եմ մտածել, որ եթե գլխավոր դատախազն առանց նյութերին ծանոթ լինելու (որոնք, ըստ քննիչի, նոր պիտի հավաքվեն), արդեն գիտեր, որ «այստեղ հանցակազմ չկա», ինչո՞ւ է ուղարկել «քննության»: Կամ, գուցե, ինքը նախապես ինչ-որ նյութերի ծանոթ է, որը նրան հիմք է տալիս հանցակազմ չտեսնել, և այդ դեպքում արդյոք դրանք նույնպես ուղարկել է քննիչին: Մի խոսքով, քանի որ վատ եմ պատկերացնում «գործի քննություն» երևույթը, ընթացակարգը, գուցե և սխալ ուղղությամբ եմ մտածում: Բայց վերջ ի վերջո մայիսի 13-ն է՝ ինձ ու Մարությաններին սպառնացողների ուլտիմատիվ ժամկետի վերջին օրը, չգիտեմ՝ ինչ ջղաձգումներ կլինեն, բայց «քննության» մասին մտածելիս տրամադրությունս ընկնում է:
Իրավունքի կիրառական կողմը հասկացող իմ ֆեյսբուքյան ընկերներին հարց ունեմ՝ ինչպե՞ս կարող է գլխավոր դատախազը գործի քննությունից առաջ իմանալ՝ գործում հանցակազմ կա՞, թե՞ չկա: Եվ արդյոք այդ «նախնական իմացությունը» չի ուղղորդում և սրբագրում քննության ընթացքն ու արդյունքը»: