Պարալլելս Ֆիլմպրոդաքշն կինոընկերության հիմնադիր Հովհաննես Գալստյան իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Պարոն Փաշինյան, Ձեզ մեղմ ասած, ապատեղեկացնում են։
ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից «Ի կատարումն ՀՀ վարչապետի 2020 թվականի մայիսի 6-ի թիվ 02/11.5/21886-2020 հանձնարարականի» ՀՀ վարչապետ Փաշինյանին ու ինձ հայտնել են, որ․ «դիմումով բարձրացված հարցադրումները դեռևս քննության փուլում գտնվող թիվ ՎԴ/3143/05/19 քաղաքացիական գործի, ինչպես նաև ՀՀ քննչական մարմինների կողմից սթ մարտի 31-ին հարուցված թիվ 10105020 քրեական գործի շրջանակներում են» և «կայացվելիք ակտերի համատեքստում էլ համարժեք կլինեն Նախարարության մնացած բոլոր գործողությունները»:
․
ՀՀ ԿԳՄՍՆ պատասխանը խեղաթյուրում է վարչապետ Փաշինյանին ուղված բաց նամակում ներկայացված հարցի էությունն ու բովանդակությունը։ Նամակը՝ «ՀՀ Մշակույթի նախարարի նախկին ժ․պ․ Նազենի Ղարիբյանի և Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ տնօրենի ժ․պ․ Շուշանիկ Միրզախանյանի կողմից արտասահմանյան մասնավոր կինոընկերություններին հասցրած 62,4 մլն ՀՀ դրամի, ՀՀ Պետական բյուջեին հասցրած 23 մլն ՀՀ դրամի վնասի և միջազգային պայմանագրերով նախատեսված 180 մլն ՀՀ դրամի ներդրումների սառեցման» մասին է։ Իսկ պատասխանը՝ «պեչենու բաղերի» մասին։
․
1). Պատասխանում հիշատակված «ՎԴ/3143/05/19 քաղաքացիական գործը» վերաբերվում է ֆիլմի հաստատված պետական ֆինանսավորումը ապօրինաբար կասեցնելուն։ Իսկ նամակում ես հայտնում եմ արդեն արված ներդրումները փոշիացնելու և միջազգային ներդրումները սառեցնելու մասին։ Տարբերությունը չհասկանալը տրիվիալ տգիտություն է, կամ դիտավորություն։
․
2). «թիվ 10105020 քրեական գործում» մենք ներգրավված ենք որպես ՏՈՒԺՈՂ։ Այն նույնպես կապ չունի «արտասահմանյան մասնավոր կինոընկերությունների հասցրած 62,4 մլն ՀՀ դրամի, ՀՀ Պետական բյուջեին հասցրած 23 մլն ՀՀ դրամի վնասի և 180 մլն ՀՀ դրամի ներդրումների սառեցման» հետ, ինչի մասին ես գրել էի և Փաշինյանն էլ ակնկալել էր պարզաբանում ՀՀ ԿԳՄՍՆ-ից։
․
3)․ Ամենանողկալին, սակայն այն է, որ պարզաբանման մեջ ՀՀ ԿԳՄՍՆ-ից «մոռացել են» վարչապետ Փաշինյանին տեղեկացնել թիվ 10101319 քրեական գործի կարճման մասին։ Մինչդեռ հենց այդ գործի հիմքում դրված կեղծ «փաստերին» հղում անելով են Նազենի Ղարիբյանը և Շուշանիկ Միրզախանյանը «արտասահմանյան մասնավոր կինոընկերություններին հասցրել 62,4 մլն ՀՀ դրամի, ՀՀ Պետական բյուջեին՝ 23 մլն ՀՀ դրամի վնաս և սառեցրել 180 մլն ՀՀ դրամի ներդրումները»։
․
Հգ․ Շարունակեք ստել, պարոնայք, որովհետև, ինչպես զգուշացրել էի, այս պատասխանը ավելացնելու է ֆիլմի և իմ ընկերության դեմ ՀՀ պետական կառույցների սանձազերծած հետևողական պայքարի՝ ապօրինությունների, ստի, զրպարտության, ապացույցների հարուստ բազան»։