Չի ունենա – Չէ, չի ունենա, իրավական մշակույթ իմ երկիրը չի ունենա: Ախր այդպիսին չենք, ախր այդ արժեքները մեզ խորթ են: Որքան էլ փորձենք օրենքներով ամրագրել այդ արժեքները միևնույն է ներսից բոլորովին այլ արժեքների կրող ենք: Անհիշելի ժամանակներից քաղքենիությունն ու տգիտությունը մեզ չլքեցին: Ազատություն ասվածը նախ և առաջ պատասխանատվություն է, որը այս ազգի գերակշիռ մասը այդպես էլ չհասկացավ ու չի հասկանալու, քանի որ ստրուկների զանգվածը այս ազգի մեջ դեռ շատ են: Իսկ ստրուկը ազատությունը ընկալում է ստրուկներ ունենալու մեջ:

Երեկվա դեպքի հետ կապված մեջս հակասություն է առաջացել: Մի կողմից իրավական մշակույթի ներդրման պատասխանատուներից մեկը գլխով ջարդում է աննշան մեկի քիթը, դրանով ցույց տալով, որ եթե քեզ հայհոյում են, ապա մի կողմ թող այդ մշակույթը ամրագրող օրենքի պահանջը և գլխով ջարդիր հայհոյողի քիթը: Սա նշանակում է, որ ես, անգամ իմ զավակները, չենք տեսնի իրավական մշակույթ ունեցող Հայաստան, այն մշտապես լինելու է բռիների հավաքատեղի:

Մյուս կողմից մտածում եմ, ախր հասարակությունը դեռ չի հասել այն հասունության, որ ընկալի գլխով քիթը չջարդելու և օրենքի պաշտպանությանը դիմելու գործողությունը: Ուստի պետք է դիմել փորձված մեթոդի, որն հայ հասարակության մեծ մասին ստիպում է դրսևորել կշռադատված վարք՝ վախը: Վախը, որ կարող է քիթը ջարդեն, վախը, որ իրեն կսպանեն, վախը, որ …

Այս ամենով հանդերձ եկեք արձանագրենք, որ իրավական մշակույթը մեր ազգի համար չի, ուստի կոնկրետ դեպքի համար կարող ենք քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն անել և ներդնել 1087.4 հոդված ՀԱՅՀՈՅԵԼԸ – Անձը, որի պատիվը, արժանապատվությունը կամ գործարար համբավը արատավորել են հայհոյանքի միջոցով, կարող է դիմել ինքնապաշտպանության` հայհոյող կատարած անձի դեմ և ջարդել նրա քիթը, ոտքը, բազմանալու օրգանը կամ իր հայեցողությամբ այլ մարմնի օրգան:

Գևորգ Գյոզալյանի ֆեյսբուքյան էջից: