Ապրիլի 25-ը Հայաստանում իշխանության բռնազավթման կամ առնվազն դրան հանգեցրած գործընթացների մեկնարկի տարելիցն է:
2018 թվականի ապրիլի 25-ին տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, այսօր ԱԺ պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն առաջին անգամ հայտարարեց Նիկոլ Փաշինյանի վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին:
Դժվար չէ վերադառնալ երկու տարի առաջ ու մեկ անգամ եւս դիտել հանրահավաքների, հարցազրույցների ու տարբեր հեղափոխական միջոցառումների տեսագրությունները: Մինչեւ ապրիլի 23-ը բացարձակապես որեւէ խոսք չկա Նիկոլ Փաշինյանի վարչապետ առաջադրվելու մասին: Կարգախոսը մեկն է՝ «Մերժիր Սերժին»: Դժվար չէ կռահել, որ եթե հենց սկզբից ժողովրդի առջեւ դրված լիներ «Մերժենք Սերժին, վարչապետ դարձնենք Նիկոլին» կարգախոսը հազիվ թե մի քանի հարյուրի հասնող քաղաքացիներ պատրաստ կլինեին կանգնել Նիկոլ Փաշինյանի թիկունքին ու կարելի է գուշակել թե ինչ ճակատագիր կունենար այսպես կոչված «թավշյա հեղափոխությունը»: Շարժման հենց առաջին օրերից Հայաստանի «հպարտ» քաղաքացիների հետ անկեղծ չլինելով ու նրանց խաբելով Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները Հայաստանում իշխանության բռնազավթման համար հող նախապատրաստեցին:
Ապրիլի 25-ի հանրահավաքին հաջորդած գործընթացներին բոլորս ծանոթ ենք: Բոլորը հիշում են, թե ինչպես չարաշահելով Սերժ Սարգսյանի հրաժարականի էյֆորիայի ներքո զգացողությունը կորցրած քաղաքացիների անկեղծությունը եւ առանց քաղաքական որեւէ հստակ օրակարգի, գաղափարախոսության ու ամենակարեւորը՝ կառավարման փորձի, Նիկոլ Փաշինյանն իրեն «ժողովրդի թեկնածու» հռչակեց: Նիկոլ Փաշինյանի հայտնի այն հայտարարությունը թե «կամ ես կդառնամ Հայաստանի վարչապետը, կամ Հայաստանը վարչապետ չի ունենա» ինչ իմաստ կարող է ունենալ եթե ոչ իշխանության բռնազավթում: Բոլորի հիշողություններում թարմ են սպառնալիքի, շանտաժի եւ հոգեկան ու նաեւ ֆիզիկական բռնության այն պայմանները, որոնց ներքո օրինական կերպով ու ժողովրդի ձայներով ընտրված ԱԺ-ի պատգամավորները, հակառակ իրենց կամքի, պարտավորվեցին կողմ քվեարկել Նիկոլ Փաշինյանի վարչապետությանը: Ի դեպ օրեր առաջ իր հերթական լայվում Նիկոլ Փաշինյանը հայտարարելով, որ ինքն է կանխել նախկին իշխանությունների ներկայացուցիչների դեմ «սամասուդը» կողմնակի կերպով իր վրա վերցրեց չկանխված սպառնալիքներն ու բռնություններն իր կողմից հրահանգված լինելու պատասխանատվությունը:
2018 թվականի ապրիլի 25-ին Հայաստանում սկիզբ առած իշխանության բռնազավթման գործընթացը դեռ ավարտված չէ: 2018 թվականի մայիսի 8-ին գործադիր իշխանությունը բռնազավթելուց, իսկ հետագային ԱԺ-ի շենքը եւ դատարանները շրջափակելու միջոցով օրենսդիր եւ դատական իշխանությունների բռնազավթման փորձ կատարելուց հետո, այսօր Հայաստանում իշխանության լիարժեք բռնազավթմանը հասնելու համար Նիկոլ Փաշինյանին մնում է մեկ խոշոր քայլ:
Կամ հանրաքվեի եւ կամ ուղղակի ԱԺ-ի միջոցով սեփականացնել Սահմանադրական դատարանն ու դրան զուգահեռ վնասազերծել չորրորդ իշխանությունը ներկայացնող ընդդիմադիր մամուլը: