Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանում Covid-19 (նոր կորոնավիրուս)-ի ցուցանիշները վկայում են, որ մենք շարունակում ենք պանդեմիայի հաղթահարման դրական դինամիկան։ Ամենապարզ օրինակն այն է, որ վերջին մի քանի օրերին արդեն 1 օրում ԲՈՒԺՎԱԾՆԵՐԻ թիվը ավելի շատ է, քան ՎԱՐԱԿՎԱԾՆԵՐԻՆԸ:

Ապրիլի 18-ին՝ 47 վարակված և 121 բուժված= 121>47։

Դրա շնորհիվ Հայաստանում կորը գնում է դեպի հորիզոնական դիրքի։

Առողջապահության նախարարի ապրիլի 18-ի հայտարարության համաձայն, եթե զարգացման տեմպերն այսպես շարունակվեն, ապա մայիսի 4-ին Հայաստանում կլինի 2500 դեպք, իսկ մայիսի 21-ին 5000 դեպք:

Նախարարը նույն տրամաբանությամբ ապրիլի 9-ին հայտարարել էր, որ տեմպերի պահպանման դեպքում ապրիլի 19-ին Հայաստանում կլինի 1800 դեպք, իսկ ապրիլի 29-ին՝ 3600։ Ինչպես տեսնում ենք, նախարարի հաշվարկները իրականությունից շատ հեռու են։

Ես, իհարկե, հասկանում եմ, որ Արսեն Թորոսյանը այսպիսի վատատեսական հաշվարկներով կամ ենթադրություններով փորձում է հանրությանը ցույց տալ այն վատագույնը, որ կարող է լինել, եթե մարդիկ չպահպանեն կարանտինը, սոցիալական հեռավորությունը և ինքնամեկուսացման կանոնները։ Հետո, նշված թվերի իրականություն չդառնալու դեպքում կարելի է նաև պարզաբանել, թե ինչքան լավ աշխատեց առողջապահական համակարգը՝ նախարարի գլխավորությամբ։ Քաղաքական առումով դա արդարացված է։

Բայց չի կարելի ասել թվեր, որոնք վիճակագրական տրամաբանության հետ որևէ կապ չունեն։ Կարծում եմ, առողջապահության նախարարը պետք է ահասարսուռ թվերով ենթադրությունների փոխարեն հանրությանը հաշվետվություն տա Հայաստանի հիվանդածության, բուժվածների և մահերի փաստացի թվերի վրա եղած հաշվարկներով, ինչը, ի դեպ, հօգուտ կառավարության գործադրած ջանքերի է խոսում։ Վարչապետը այդ առումով բավական դրական ուղերձներ է փոխանցում, ինչը շատերի մոտ ի չիք է դառնում առողջապահության նախարարի ենթադրություններից հետո։

Մինչդեռ, եթե նայեք հրապարակածս գրաֆիկին, հստակ կերևա, որ ՄԱՀԵՐԻ գիծը հորիզոնական է, նույնպես հորիզոնականին է մոտենում ՆՈՐ ՎԱՐԱԿՎԱԾՈՒԹՅԱՆ գիծը, ինչը նշանակում է, որ գնալով պակասում են դեպքերը, իսկ ահա ԲՈՒԺՎԱԾՆԵՐԻ կորը սլանում է վերև, ինչի շնորհիվ մենք ապրիլի 18-ի դրությամբ ունենք ոչ թե 1248, այլ 705 դեպք։ Սա է իրական փաստը, ոչ թե 3600-ներն ու 5000-ները։

Առողջություն բոլորին»։