Որոշակի ժամանակ հրադադար հայտարարելուց հետո իշխանական թեւը կարծես թե փորձում է կրկին առաջին պլան մղել ՍԴ-ի արհեստածին ճգնաժամի հարցն ու դրանից օր առաջ ձերբազատվելու անհրաժեշտությունը: Թեմային վերջին օրերի ընթացքում արդեն քանիերորդ անգամ անդրադարձել է «Առաջին լրատվականը»՝ ընդգծելով, որ «Կորոնավիրուսով պայմանավորված՝ ՍԴ ճգնաժամի հարցը շուտափույթ պետք է լուծվի ԱԺ-ի միջոցով»:
Փետրվարի 6-ին ՀՀ ԱԺ-ի «Իմ քայլը» խմբակցությունը, դեմ քվեարկելով ՀՀ Սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին իր իսկ նախաձեռնությամբ օրակարգ մտած նախագծին, որոշում ընդունեց հիշյալ նախագիծը դնել հանրաքվեի՝ այդպիսով հակասահմանադրական այդ քայլի ամբողջ իրավական պատասխանատվությունը բարդելով ժողովրդի ուսերին: Այսօր ի՞նչն է Հայաստանի իշխանություններին եւ խորհրդարանում նրան ներկայացնող «Իմ քայլը» խմբակցությանը մղում, կրկին իր վրա վերցնելով իրավական պատասխանատվության ամբողջ բեռը, առաջ քաշել հանրաքվեից հրաժարվելու եւ ՍԴ-ի հարցը կրկին ԱԺ-ի միջոցով լուծելու գաղափարը:
Դա կարող է ունենալ երկու պատճառ: Պատճառներից առաջինի մասին խոստովանել է հենց «Առաջին լրատվականի» հոդվածագիրը, որը, հղում կատարելով իր զրուցակիցներին, հաստատել է, որ «այս պայմաններում անհնար կլինի քարոզարշավ անել, 650 հազար մարդ տանել տեղամաս, ստանալ այդքան վստահության քվե»: Դա ի տես այն բանի, որ քարոզարշավի հենց սկզբից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը միտումնավոր կերպով փոխեց Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին հանրաքվեի բուն էությունը՝ դա վերածելով հեղափոխությանը «Այո»-ի կամ «Ոչ»-ի: Այսօր նույնիսկ իշխանությունները չեն կասկածում, որ հանրաքվեում հաջողելու իրենց շանսերը չափազանց թույլ են, եւ ինչպես ավելի վաղ գրել էի, նկատի առնելով Նիկոլ Փաշինյանի առաջ քաշած օրակարգը հանրաքվեի ձախողումից հետո, հարգելով իր իսկ գովերգած պառլամենտարիզմի սկզբունքները՝ ՀՀ վարչապետը կորցնելու է իր լեգիտիմությունը եւ պարտավորվելու է արտահերթ ընտրություններ հայտարարել:
Նման քայլի գնալու համար առկա է նաեւ մեկ այլ կարեւոր պատճառ: Այս օրերին աշխարհին հուզող գլխավոր հարցը շարունակում են մնալ կորոնավիրուսն ու դրան հաջորդող տնտեսական ճգնաժամը: Նման իրավիճակում աշխարհին ու մասնավորապես Հայաստանի գործընկեր եվրոպական երկրներին ամենաքիչը կարող է հետաքրքրել Հայաստանի Սահմանադրության ինչ-որ կետի մեջ փոփոխություն մտցնելու ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության նախաձեռնությունը: Հավանաբար նույն այդ գործոնը Հայաստանի իշխանություններին մղել է կրկին հակվել ՍԴ-ի հարցը ԱԺ-ում լուծելու հեշտ, քաղաքական ռիսկեր չպարունակող ու նաեւ տնտեսապես առավել շահավետ եղանակին: Պիտի խոստովանել, որ նման քայլի գնալու կապակցությամբ Հայաստանի իշխանություններին ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությանը որոշակի վստահություն է փոխանցել վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող հակասահմանադրական գործընթացների, այդ թվում՝ ՀՀ ԱԺ-ում ընդունված խնդրահարույց օրենքների, նաեւ Ռոբերտ Քոչարյանի անօրինական կալանքի կապակցությամբ միջազգային կառույցների ու մասնավորապես եվրոպական երկրների անբացատրելի անտարբերությունը: