ԱԺ-ն ընդունեց ապօրինի ծագման գույքը բռնագանձելու մասին օրինագիծը: Ապօրինի ծագում ունեցող գույքը ենթակա է բռնագանձման, եթե դատարանը որոշում է կայացրել, որ այդպիսի գույքի շուկայական արժեքը հայցի ներկայացման պահին գերազանցում է հիսուն միլիոն ՀՀ դրամը։ Ուսումնասիրվելու են 1991 թվականի սեպտեմբերի 21-ից հետո ձեռքբերված գույքերը, բայց ըստ Ռուստամ Բադասյանի՝ հիմնականում քննության է ենթարկվելու վերջին 10 տարում ձեռքբերված գույքերի օրինականությունը: հարց է առաջանում՝ ի՞նչի հենց վերջին 10 տարում ձեռք բերվածը, ոչ թե ՝ 15, 20 կամ 28 տարվանը, չէ որ պետական գույքը կոպեկներով սեփականացնելու թալանը սկսվել է հենց 92թ-ից։ Ի՞նչով է նշանակում օրենք են ընդունում մի ամբողջ ժամանակահատվածի համար, բայց գլխանց ասում են, որ հիմնականում կիրառելու են այդ ժամանակահատվածի մի մասի համար, լավ ի՞նչքան կարելի է աբսուրդային մոտեցումներ կիրառել։ Ի՞նչու պետք է 90-ականների թալանողները պատասխանատվության չենթարկվեն, բայց 2000-ականների կամ 2010-ականների թալանողները ենթարկվեն, ո՞րն է տրամաբանությունը, թալանը թալան է՝ անկախ ամեն ինչից։
Իրականում այս օրենքը դառնալու է մահակ գործող իշխանությունների ձեռքը, որը կկիրառվի ընտրողաբար՝ ում ուզեն կմտրակեն, ում չուզեն՝ չեն մտրակի, առավել ևս, որ ունեցել ենք և ունենք իշխանության գրպանային՝ իրավապահ, ֆինանսական և դատական համակարգ։
Այո, թալանողները չպետք է անպատիժ մնան և հնարավորի չափով պետք է պատժվեն, իսկ ամբողջովին պատժվել չեն կարող, քանի որ անհնար է օբյեկտիվ պատճառներով ամբողջությամբ ապացուցել թալանի չափը, բայց նաև այս օրենքը ոչ հեռու ապագայում ավելի շատ խնդիրներ է առաջացնելու, քան թե օգուտներ է տալու։
Առաջիկայում ականատեսը կլինենք իշխանությունների բեմադրությամբ՝ «ապօրինի գույքի բռնագանձումների» նոր բազմասերիալանոց շոուներին , որոնք հետագայում ջախջախվելու են միջազգային դատական կառույցներում՝ Հայաստանը էլ ավելի դարձնելով ներդրումների համար ոչ գրավիչ երկիր։