ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Ուսումանսիրությամբ պարզվել է, որ կառուցապատման նախագծի ճարտարապետաշինարարական մասը մշակած ընկերության ծառայողի կողմից կազմվել է նախագծման թույլտվության և շինարարական նորմերով սահմանված պահանջներին հակասող՝ բնակելի թաղամասի նախագիծ, իսկ փորձաքննության եզրակացությունը հաստատած առևտրային ընկերության ծառայողի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ՀՀ շրջակա միջավայրի պաշտպանության նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոն» ՊՈԱԿ պաշտոնատար անձանց կողմից նախագծի վերաբերյալ տրվել են առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ եզրակացություններ, որոնք տրամադրվել են շինթույլտվություն ստացող ընկերությանը, վերջինս էլ իր հերթին դրանք ներկայացրել է Երևանի քաղաքապետարան։
Երևանի քաղաքապետարանի պաշտոնատար անձինք իրենց հերթին անտեսել են շինարարական նորմերով և նախագծման թույլտվությամբ սահմանված պահանջները: Արդյունքում տրվել է առերևույթ ակնհայտ կեղծ բովանդակությամբ շինթույլտվություն, ինչը հարակից տարածքում գտնվող արտադրական օբյեկտի սեփականատիրոջ և անշարժ գույք գնելու իրավունքի մասին պայմանագրեր կնքած քաղաքացիների համար առաջացրել է ծանր հետևանքներ։
Նկատի ունենալով, որ ուսումնասիրություններով ի հայտ են բերվել ենթադրյալ հանցավոր արարքների հատկանիշներ պարունակող փաստական տվյալներ՝ ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել է քրեական գործ»: