ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զորհաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«Որոշեցի նամակ գրել պարետ Ավինյանին
Չնայած կորոնավիրուսային շքերթին, կյանքը շարունակվում է եւ գյուղացիական տնտեսությունները, ֆերմերները սկսել են գարնանային գյուղատնտեսական աշխատանքներն ու նրանց մի մասը կանգնել է լուրջ խնդիրների առաջ։ Պարետի կողմից սահմանված սահմանափակումների պատճառով բազմաթիվ ֆերմերներ չեն կարողանում աշխատել:
Ձմեռային պարապուրդից հետո գյուղտեխնիկան վերանորոգման, սեզոնային սպասարկման կարիք ունի, եւ եթե ավտոպահեստամասերի դեպքում հնարավոր է դիմել մասնագիտացված խանութներ կամ դրանց օնլայն ծառայություններին, ապա խիստ սպեցիֆիկ տեխնիկայի՝ պոմպերի, սրսկման գործիքների, հնձիչների և այլնի համար գյուղացիական տնտեսությունները օգտվում են բացառապես տնտեսական խանութներից, կամ, օրինակ, հաճախ որևէ հանգույց նորոգելու համար գյուղացին այն ուղղակի տանում է խանութ՝ անհրաժեշտ խորհրդատվություն ստանալու և պահեստամաս գտնելու համար։
Մինչդեռ ագրեգատների եւ գործիքների պահեստամասերն օնլայն պատվիրելու հնարավորություն, ոչ էլ օնլայն նորոգելու խորհրդատվություն չկա:
Ու, ի դեպ, ինչպե՞ս է ստացվում, որ թույլատրելի է թունաքիմիկատների, սերմերի, տնկիների, պոլիէթիլենային թաղանթների վաճառքը, մինչդեռ գարնանացանի շեմին մի պոմպի պատճառով ֆերմերներից մեկի հազարավոր սածիլները այս օրերին չորացան։
Իսկ սերմը ցանելուց առաջ հողը վարել է պետք, ցանելուց հետո էլ ջրել ու խնամել է պետք։
Էն որ ասում են ՝ գյուղացու օրը տարի է կերակրում, վստահաբար էդպես է։ Եկեք էս մասին էլ մտածենք ու գտնենք տարբերակ, որպեսզի ֆերմերներն իրենց անհրաժեշտ գյուղգործիքները գնելու հնարավորություն ունենան»։