Հեռուստամեկնաբան Արտակ Հերիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Նա միակ ֆրանսիացի պետական գործիչն էր, որ Ստամբուլին համառորեն Կոստանդնուպոլիս էր ասում: Նույնիսկ, երբ զրուցակիցները թուրքեր էին:

Մի անգամ Ծիծեռնակաբերդում թուրք լրագրողուհին փորձեց ուղղել նրան.
-Ուզում էիք ասել Ստամբու՞լ...
-Ո՛չ, ուզում էի ասել Կոստանդնուպոլի՛ս և ասացի Կոստանդնուպոլի՛ս:
-Այդ քաղաքի անունը Ստամբուլ է:
-Եվ վաղու՞ց...

«Հյուրիեթի» թղթակցուհին շփոթված աջուձախ նայեց՝ գործընկեր լրագրողների աջակցությունը ստանալու հույսով:
Պատրիկ Դևեջյանը ֆրանսիական ժպիտի տակ չկարողացավ քողարկել հայկական բարկությունը.
-Տիկի՛ն, երբ մերոնք ստիպված եղան փախչել այնտեղից, այդ քաղաքը Կոստանդնուպոլիս էր:

Դևեջյանի հայրը Պոլսի կաթոլիկ, ֆրանկոֆոն ընտանիքից էր: Ֆրանսիա է մեկնել 18 տարեկանում, ֆրանսիական կառավարության կրթաթոշակով ճարտարագիտություն ուսանելու: Ձուլագործության ինժեներ էր, ստեղծել է արագաեռ կաթսան:

Դևեջյանի պապը Օսմանյան կայսրությունում պետական ծառայող էր: Ցեղասպնության ժամանակ կարողացել է թաքնվել, քանի որ թուրքական բանակի գնդապետ հարևանը զգուշացրել է նրան՝ հայերին սպառնացող վտանգի մասին:

Հանգչի՛ր խաղաղությամբ, Պատրիկ-Գարեգին Դևեջյան»: