Դավթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

 

«Երեկ ավագանու նիստին քաղաքապետը հիստերիկ ջղաձգումներով ինչ-որ բան էր ուզում ապացուցել: Մեծ հաշվով այդ անապացուցելին այն էր, որ ինքը լավ է աշխատել, իսկ բոլոր պրոբլեմների մեջ բոլորը մեղավոր են, բայց ոչ ինքը:

Ըստ բյուջեի հաշվետվության Երեւանի 2019 թ. պատկերը հետեւյալն է. Եկամուտները կատարվել են 86.8 տոկոսով: Երեկ բոլորը միաձայն գովում էին քաղաքապետարանին` սեփական եկամուտները գերակատարելու մեջ: Բայց մոռանում էին, որ քաղաքի ամբողջ եկամուտը կազմված է պետական դրամաշնորհներից, միջազգային բանկերի հետ համաֆինանսավորվող ծրագրերի համար նախատեսված մուտք լինող գումարներից եւս: Արդեն հասկացանք, որ պետբյուջեից ու բանկերից փողը չեն տվել, դրանով էլ բյուջեի մուտքերը եղել են թերի: Իսկ ինչի՞ չեն տվել, կարող է՞ պրոբլեմը հենց քաղաքային իշխանության նկատմամբ անվստահությունն է: Ասենք միջազգային բանկերը, նույնիսկ կառավարությունը չի վստահում իրենց: Եվ իրենք չեն հասկանում, թե ինչքան վնաս են տվել իրենց բառադի կառավարմամբ մեր քաղաքին:

 

Ծախսերը կատարվել են 70.5 տոկոսով: Այսինքն փողը կար, խնդիրները կային, բայց խնդիր լուծողը չկար: Դա նույն բանն է, որ երեխային կոշիկ է պետք, ծնողները գումար ունեն, կոշիկի խանութ էլ կա, եւ ծնողները տանից դուրս են գալիս կոշիկ գնելու, բայց քաղաքում կորում են ու հազիվ տան վերադարձի ճամփեն են գտնում ու տուն վերադառնում առանց կոշիկ առնելու:

 
 
 

Որպես փաստ կբերեմ հետեւյալը` մանկապարտեզների վերանորոգման համար ավագանին հաստատել էր 1.397 մլրդ. դրամ: Այնուհետեւ փոփոխություն էր արել եւ այդ գումարի չափը իջեցրել մինչեւ 1.145 մլրդ.-ի: Բայց գործ արվել է ընդամենը 125մլն.-ի` 10.94 տոկոս, այն դեպքում , երբ «շունիկների» ստերջացման համար հատկացված գրեթե 300 մլն.-ը ծախսել են ամբողջությամբ: Ու էնպես են ստերջացրել, որ էդ «շունիկները» մարդ են գզում: Այսինքն 100 տոկոսով կատարված աշխատանքն էլ են վատ կատարել:

 

Հիշեցման կարգով ասեմ, որ 2018-ը փակեցին 6 մլրդ.-ից ավելի չկատարած ծախսով: Դա որոշ առումով հասկանալի էր` իրենք նոր էին, ամբողջ տարին խառն էր եղել: Բայց 2019-ը արդեն փակեցին 8 մլրդ.-ից ավելի չկատարած ծախսով: Հենց դա է վկայում այս իշխանության ոչ կոմպետենտությունը: Ու մի հատ էլ քաղաքապետը երեւանցիների վրա լավություն է ծախում, որ էդ փողը տեղում է ու ոչ մեկ չի կպնի այդ փողին: Ոչ մեկ չի՛ էլ կարա այդ գումարին կպնի:

 

Հա, ի դեպ քաղաքապետի լեքսիկոնին անդրադառնալով` ասեմ, որ ըտենց ( գլուխ կտրողի ) ուժեղ տղու տպավորություն չթողեց, բոլորն էլ ճանաչում են իրեն: Բայց շատ է արդեն կոռուպցիայից խոսում ու ակամա մի ասացվածք հիշեցի` «գողը գոռաց` բռնեք գողին»:

 

Մի հատ թող երեւանցիներին ասի բա ինչի՞ են էդքան մեկ անձից գնումներ կատարել: Գնումների այդ ձեւաչափը ամենառիսկայինն է կոռուպցիայի առումով:

Հիմա մի հարց ունեմ հենց Հայկ Մարությանին` իր կողմից շատ սիրված քաղաքի` Պրահայի, քաղաքապետը, եթե սենց հաշվետվություն ներկայացներ իր քաղաքացիներին, կարող է՞ր ասել «լավ մյուս տարի կանեմ չարածս» ու շարունակեր մնալ քաղաքապետ:

 

Ու հերիք է արխային հղում անեք երեւանցիներին, թե իրենք գնահատականը կտան: Ասեմ իմանաք` ամենաշատը հենց էդ գնահատականից պիտի վախենաք»: