Հարևան Իրանում իշխանությունները կորոնավիրուսի տարածման մասին տեղեկությունները թաքցրին շուրջ երկու շաբաթ: Պատճառը շատ հստակ էր․ նրանց անհրաժեշտ էր նախ փետրվարի 11-ին՝ Իրանի իսլամական հեղափոխության տարեդարձի տոնակատարության քայլարշավին և ապա փետրվարի 21-ին՝ Իսլամական խորհրդարանի ընտրություններին ապահովել ժողովրդի մեծ թվով մասնակցությունը: Արդյունքում այսօր երկրում կորոնավիրուսը տարածվում է աննախընթաց արագությամբ ընդհուպ նույնիսկ իշխանական վերնախավի մոտ: Երեկ կորոնավիրուսի հետևանքով մահացավ Վատիկանում Իրանի նախկին դեսպանը: Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև Իրանի նախագահի տեղակալի, խորհրդարանի մի քանի պատգամավորների, առողջապահության փոխնախարարի և ... մոտ:
Միևնույն ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տնօրենը հինգշաբթի օրը հայտարարեց. «Մահացու սխալ են թույլ են տալիս այն երկրները, որոնք ենթադրում են, թե կորոնավիրուսն իրենց մոտ չի կարող տարածվել»:
Հայաստանի հարևանության մեջ արձանագրվել են կորոնավիրուսի բազմաթիվ դեպքեր: Առնվազն մանկամտություն կլինի ենթադրել, որ Իրանի հետ սահմանները փակելով հնարավոր է լինելու կանխել կորոնավիրուսի մուտքը Հայաստան (իհարկե, եթե դա արդեն Հայաստանում չէ, հատկապես որ վիրուսով վարակվելու նշաններն ի հայտ են գալիս 14 օր անց):
Վիրուսի տարածման գլխավոր միջոցներից մեկը բազմամարդ հավաքներն են, ինչի պատճառով էլ տարբեր երկրներում չեղարկվել են մշակութային, հասարակական, մարզական ու տարբեր տեսակի միջոցառումներ: Իսկ Հայաստանում՝ մարտի 1-ին, վարչապետի հրավերով ժողովրդային երթ է կազմակերպվելու, և դրան զուգահեռ սպասվում է հանրաքվեի քարոզարշավի շրջագծում հանրահավաքների կազմակերպում:
Զուգահեռ անցկացնելով կորոնավիրուսի տարածման հանդեպ հարևան Իրանի և Հայաստանի իշխանությունների մոտեցման միջև՝ դժվար չէ ենթադրել, որ ՀՀ վարչապետի հերթական արկածախնդրությունը կարող է ինչպես 2008 թվականի մարտի 1-ին, այնպես էլ այս անգամ անկանխատեսելի հետևանքներ ունենալ: