Հայագետ, արվեստի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Կարեն Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սամվել Կարապետյանի մահվան մասին գույժն անսպասելի էր՝ 60 տարին չէր բոլորել։ Մի մեծ ու ցավալի կորուստ մեր մշակույթի համար։ Նա մի մարդ էր, որի ամենակարճ բնութագիրը ՆՎԻՐՅԱԼ բառն է։ Հայկական հուշարձանների անխոնջ հետազոտողի կատարած աշխատանքների սոսկ թվարկումը երկար մի ցանկ կկազմի։ Ցավալի է, որ անկատար մնաց նրա մեծ երազը՝ պատմական Հայաստանի ողջ տարածքի հուշարձաններին նվիրված բազմահատորյակի հրատարակությունը։ Հազար ափսոս։ Հուսամ՝ նրա թիմը ավարտին կհասցնի։ Չեմ կարող նաև չնշել, որ չափազանց առատաձեռն էր իր ունեցած (հավաքած, դժվարությամբ ճարած) նյութերը ուրիշ մասնագետներին տրամադրելու մեջ։ Մեր ծանոթությունն ու հարաբերությունները այդ հողի վրա են եղել, փոխադարձ աջակցություն, իրար լրացնել, սատարել, որոշ հարցերում՝ եղբայրաբար իրար ուղղել։ Ինչ ասեմ. բառեր չկան»: