ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերոսացրեցին Հրայր Թովմասյանին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը։
«Տարիներ շարունակ Հրայր Թովմասյանը եղել է ՀՀԿ-ի ամենաքննադատված գործիչներից մեկը, ինչը պայմանավորված է նրա անարդյունավետ և անվստահելի քաղաքական գործունեությամբ։ Պետաիրավական հանձնաժողովում ինձնից շատ նրա դեմ կռիվ տվող չի եղել։ Բազմիցս տարբեր առիթներով քննադատել ենք Թովմասյանի «իրավական» գործունեությունը, սկսած այն ժամանակներից, երբ նա ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն էր։ Իսկ ամենավերջնական գնահատականը մեր կողմից տրվել է 2018 թ․-ին, երբ «Ելք» դաշինքը դեմ քվեարկեց Հրայր Թովմասյանի ՍԴ նախագահ դառնալուն։
Հիմա այսքանից հետո կառավարող թիմի վարած հատվածական, ոչ համակարգային և անհետևողական քաղաքականության շնորհիվ չափազանց ցածր վարկանիշ և ոչ այնքան բարի համբավ ունեցող գործիչը հերոս է դարձել։ Իսկապես Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը հերոսացրեցին Հրայր Թովմասյանին։
Ի դեպ իրավիճակն այս ավելի քան տրամաբանական է։ Եթե իշխանությունը հրաժարվում է իրական բարեփոխումներից կամ չի կարողանում այդ բարեփոխումներն իրականացնել և որոշում է ընդամենը մեկ մարդու հետ «մուկն ու կատու» խաղալ, ապա ամեն ինչ հենց այսպես էլ պետք է լիներ։ Քաղաքականության մեջ կան տարրական կանոններ, եթե դու տանկով ճնճղուկի վրա ես կրակում, ապա այդ նույն ճնճղուկից արծիվ ես կերտում: Բարդ բան չկար այսքանը հասկանալու համար, բայց ինչպես բազմաթիվ այլ խնդիրներ, սա նույնպես մնաց խորապես չհասկացված ու չընկալված։ Նման գործելավոճը նոր «հերոսներ» է ծնելու, որի պատասխանատունները բնականաբար այդ հերոսներին կերտողներն են»,-նշել է նա: