Վերջին օրերին բոլորս հայտնվեցինք հերթական զավեշտի ճիրաններում, եւ ներքաշվեցինք ապաքաղաքական, ապամարդկային, ապատրամաբանական մի տեղապտույտի մեջ, որից դժվար ենք դուրս գալիս։Քիչ թե շատ տրամաբանող մարդը պարզ տեսնում է, իշխանությունը համահունչ չէ իր գրաված դիրքին եւ ստանձնած պարտավորություններին։ Այլեւս անկասկած է, որ վարչապետի պաշտոնին նստած անձը ամենասովորական մանիպուլյատոր է , ավելին՝ 5 րոպե պակաս՝ բռնակալ։Ամբողջ պետական համակարգը շունչը պահած սպասում է նրա հերթական բլթոցին, պետական կառավարման լրջությունն ու պատասխանատվությունը տեղափոխվել է սոցիալական ցանցեր։Մարդկանց ցանցերի մեջ պահելով, վարչապետը ծաղրում է բոլորին։ Այլեւս աներկբա է՝ մեր երկիրը վարչապետ չունի։ Կա այդ պաշտոնին տիրացած անձ, ով սարսափելի արագությամբ երկիրը տանում է դեպի կլոունադա։ Թույլ տալ, թե խանգարել այս ընթացքը։ Հարցի պատասխանը միակն է՝ խանգարել եւ դադարեցնել այս խենթ ընթացքը։ Եվ դա պիտի անեն իշխանության մեջ այն սթափ մարդիկ, որոնք, վստահ եմ, սարսռում են այս ամբողջ խառնաշփոթ վիճակից։ Համակերպվել, թե խանգարել այս ընթացքը, պիտի որոշեն խորհրդարանական ընդդիմության մեջ գտնվող այն անձինք, ովքեր ունեն պատասխանատվություն, մտածելու, վերլուծելու կարողություն։ Շարունակե՞լ, թե խանգարել գահավիժումը, պիտի որոշեն խորհրդարանից դուրս գտնվող քաղաքական ուժերը, իրենց ակտիվ, մտածող եւ ադեկվատ անդամներով։
Այն, ինչ կա այսօր, տեսնում ենք ոչ միայն մենք, տեսնում են նաեւ դրսում, միջազգային կառույցները, մեր անմիջական հարեւանները, ԵԱՀԿ Մինսկի խումբը, տեսնում են բոլոր՝ Իրանից մինչեւ ԱՄՆ, ՌԴ-ից մինչեւ ԵՄ եւ Չինաստան։ Տեսնում են եւ զարմանում մեր քյալլագյոզության վրա։ Այն, ինչ այսօր ունենք մեր երկրում, պարզ մարդկային լեզվով կարելի է անվանել համազգային խայտառակություն, քաղաքագիտական լեզվով՝ ճգնաժամ, աստվածաշնչյա լեզվով՝ Սոդոմ-գոմոր, հեքիաթի լեզվով՝ քաջնազարության։ Հայաստանում այսօր պոպուլիզմի հաղթարշավ է։ Եվ այս կործանարար ընթացքը պարտավոր ենք կանգնեցնել։ Այլ ճանապարհ չկա։
Մի քանի կետերով ներկայացնեմ, թե ինչ մտքեր ունեցա վերջին օրերին։ Որոշել էի լրջորեն անդրադառնալ կապանյան ասուլիսին, բայց, հասկացա, որ անլուրջ բաներին չարժե լրջորեն անդրադառնալ։
Ուստի, պարզապես մի քանի դրվագ վերջին օրերի վերլուծությունից, որովհետեւ միտումնավոր անլրջացնելով ամեն ինչ, Նիկոլը փորձում է մեզ խաբել հիմնականում։ Բայց դա նրան չի հաջողվել ցայսօր եւ չի հաջողվելու երբեք։
Լրջանալու պահը իրավունք չունենք չնկատել, իրավունք չունենք գլուխներս ավազի մեջ թաքցնել, մտածելով, թե մարմիններս չի երեւալու։ Իրավունք չունեն ոչ նորերը, ոչ հները, ոչ ներկաները եւ ոչ նախկինները, պետք է ի վերջո հասկանանք, որ մենք անելիք ունենք եւ պարտավոր ենք քայլ անել՝ հանուն Հայաստանի Հանրապետության։
1․Նիկոլը խնդիր ունի երկրի գլխավոր օրենքի հետ, այն իրեն հնարավորություն չի տալիս անցնել միահեծան բռնատիրության։
2․Սահմանադրական Դատարանը մնալու է նրա կոկորդին, այս կառույցը մեր պետականության միակ չգրավված ամրոցն է եւ մեր պետականության անվտանգության երաշխավորը։
3․Նիկոլը սարսափում է Արցախից, գիտի, որ հարցի լուծումը իր աքիլլեսյան գարշապարն է, մենք էլ գիտենք։
4․Իշխանության մեջ առկա ճաքերը խորանում են։
5․Խորհրդարանական ընդդիմությունը երկնում է իր լրջանալու պահը;
6․Խորհրդարանից դուրս ընդդիմադիր ուժերը հասկանում են, որ առանձին-առանձին իրենք ոչինչ են։ Դեռ քայլ չեն անում համախմբվելու։Կանեն։
7․Սոցիալական տարբեր շերտեր սթափվում են, հասկանալով, որ այս իշխանության խելքը տնտեսությունից այնքան է, որքան հայտնի կենդանին տուռնիկից է հասկանում։
8․Տնտեսվարողները, ներդրողները տեսնում են, որ չկա եւ չի լինելու ոչ մի տնտեսական հեղափոխություն։
9․Պարզ քաղաքացին արդեն սեփական մաշկի վրա զգաց, որ իր կյանքում ոչինչ չփոխվեց, տեսնում է, որ փոխվեց իշխանությունը վերցրածների, նրանց երեխաների, ընտանիքների կյանքը։
10․Պետական բյուջեն մսխվում է սեփական ընտանիքի, սեփական թիմի, պետական բարձրաստիճան չինովնիկների վարձատրությունների, պարգեւավճարների վրա։
Շարքը կարելի է շարունակել, բայց եւ պիտի հասկանալ՝ ի վերջո ընտրությունը մերն է, մեզնից յուրաքանչյուրինը։Եկեք որոշենք՝ սառնասիրտ դիտորդի պես պիտի կանգնենք ու նայենք, թե ինչպես է Նիկոլը երկրի կազմաքանդման գործընթացը հասցնում ավարտին, թե պիտի սթափվենք եւ համախմբված քայլ անենք հանուն ՀՀ պարզ քաղաքացու եւ հանուն Հայաստանի Հանրապետության։
Մարգարիտ Եսայան