Ազգային Ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը:
Այսպիսով, այսուհետ ընտրողական վերաբերմունքի ականատես կլինենք նաև «բանկային գաղտնիք» երևույթի նկատմամբ: Կուզեն՝ կպահպանեն մարդու ֆինանսական տեղեկատվության գաղտնիության իրավունքը, չեն ուզի՝ չեն պահպանի. այսուհետ օրենքն է այդպես ասում:
Նշվում է ֆինանսական կամ կոռուպցիոն բնույթի հանցագործություններում փոխկապակցված անձանց խնդիրը: Հաշվի առնելով մեր երկրում ներկայումս իշխանությանը դուր չեկող անձանց հորեղբորորդու սանիկի հարեվանի դասընկերոջ նկատմամբ հետապնդումների մշակույթը, կարելի է ենթադրել, որ շատերի բանկային տվյալները շուտով կլինեն հասանելի:
Այս օրենքը ոչ այլ ինչ է, քան ոտնձգություն բանկային համակարգի անկախության նկատմամբ: Այլ կերպ ասած՝ քաղաքական շահերի բավարարման նպատակով ոլորտում իշխանության վերահսկողության ու գործողությունների ընդլայնմանը սպասարկող գործիք: Ընդ որում, արդեն շարունակական գործիք, որն անպայման աշխատելու է նաև հաջորդիվ եկող իշխանությունների ձեռքերում:
Տնտեսական հետևանքներին ականատես կլինենք ոչ շատ ուշ. բանկերից, ինչը նույնն է, թե՝ երկրից, կապիտալի արտահոսքը կլինի առաջնայիններից մեկը:
Ներդրումային դաշտի վրա բացասական ազդեցությանը երևի ավելորդ է անդրադառնալը: