ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հայոց պետության սահմանած ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԴԱՇՏԸ շարունակո՞ւմ է մնալ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՌԻՍԿԻ ԳՈՏԻ
Պետության կողմից սահմանած մրցակցային դաշտում մենք 2008-ի գարնանը (մարտի 1-ին սկսված գործընթացներին զուգահեռ) կորցրեցինք օազիսի բոլոր կանոններով 20 տարիների ընթացքում մեր ձեռքերով հիմքից կառուցած «Սահմանադրական իրավունք միություն» կուսակցությունն ու նրա «Իրավունք» թերթը, որի միջոցով մի կաթիլ ջուր էինք հասցնում շրջապատող անապատում բնակվող մեր ուժասպառ եղած համախոհների ճշմարտության ծարավը մեղմելու համար։
Երկու տարվա ընթացքում համոզվելով, որ օազիսի ջրհորը անդառնալի թունավորել են մահացու թույնով, միանձնյա որոշեցի փակել վարակի աղբյուրը ու փրկել մյուսների կյանքը։
Նվիրված տղաներն ինձնից խիստ դժգոհեցին՝ ես հրաժարվում էի ինքս ինձնից ու իրենցից։ Մի կերպ պահպանեցինք մարդկային հարաբերությունները։
2008-ը դարձավ բոլոր օազիսների կործանման տարեթիվ։
Օազիսի ճարտարապետներից մեկին հաջողվեց մի նոր մաքուր ջրհոր փորել ու նախորդի սխալներից խուսափելով ավելի ամուր օազիս կառուցել։ 10 տարում ԱՏՁՄՆ ծաղկեց ու ԱՐՄԱԹՈՎ կենսարար ջուր է մատակարարում անապատի ամենահեռավոր ծայրերում ծլող մատղաշ շիվերին։
Ջրհորը հին մեթոդներով վարակելու բազմակի փորձերը չեն հաջողվում։
Հետո եկավ անձրևների սեզոնը, անապատը սկսեց նահանջել։
Պայմաններ ստեղծվեցին երկիրը օազիսի ճարտարապետությամբ կառուցելու համար։ Ժողովուդը թևքերը կշտեց։ Չէ՞ որ անձրևների սեզոնը առատ, բայց կարճատև է լինում։ Իսկ օձերն ու կարիճները միայն ավազների հետ են հեռանում կենարար ջրհորներից։
Մրցակցային դաշտը օազիսում է բարերար…
Օազիսը պարիսպներով փակ ամրոց չէ, մեկուսացում չէ, բանտ չէ, գաղութ չէ։
Օազիսը լավ պաշտպանված ջրհոր է այնտեղ հանգրվանողների ու անապատը հատողների համար։ Օազիսը նույնիսկ թունավոր օձերի ու կարիճների թշնամին չէ, եթե նրանք չեն փորձում թունավորել ակունքն ու կենսարար ջրի իրենց բաժինը ստանում են Մայր բնության բարեհաճությամբ։
Օազիսը աշխարհասփյուռ Հայության Հայաստանի մոդելն է, ամեն տեսակի կեղտոտ ձեռքներդ հեռու կենարար ակունքից ու ծաղկող օազիսից, հեռու ԱՐՄԱԹԻՑ!
Բոլո՞րը հասկացան…»: