Ներկայումս ԻԻՀ-ում բնակվող հայերի թիվը չի գերազանցում 60 000-ը: Իսլամական հեղափոխությանը հաջորդած քառասուն տարիների ընթացքում (1979-2019) երկրից հեռացել է շուրջ 150 000 հայ։

Թեմական առումով հայ համայնքը բաժանված է երեք մասի' Ատրպատականի թեմ (կենտրոնը' Թավրիզ), Սպահանի թեմ ու Թեհրանի թեմ, որոնք մինչև 1956-ը գտնվում էին Էջմիածնի Մայր Աթոռի, այնուհետ' Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության ենթակայության տակ:

Միայն հյուսիս-արեւմտյան Իրանում (Ատրպատականի թեմ) 1970-ական թթ. բնակվում էր շուրջ 50.000 հայ, որից 10.000-ը' Թավրիզում (2015-ին' Թավրիզի հայության թիվը հասնում էր 2 000-ի)։ Ատրպատականում ապրող հայերի թիվը ներկայումս չի գերազանցում 4 000-ը։ Թեմում կա 57 եկեղեցի:

Սպահանի թեմն ընդգրկում է Սպահան, Ֆարս, Ահվազ նահանգները։ Հայերը հիմնականում բնակվում են Սպահանում, Շիրազում, Շահինշահրում, Ահվազում, Աբադանում ու Փերիայում: Նախքան իսլամական հեղափոխությունն այստեղ հայության թիվը հասնում էր 10.000-ի, ներկայումս չի գերազանցում 6 000-ը։ Դարասկզբին կար 24 եկեղեցի, պահպանվել է' 12-ը:

Ամենամեծը' Թեհրանի թեմն է (Թեհրան, Համադան, Խորասան, Մազանդարան, Գիլան): Թեհրանում, ուր ապրում է շուրջ 50 000 հայ, գործում է յոթ եկեղեցի, երեք տասնյակից ավելի դպրոցներ ու մանկապարտեզներ, տասնյակ մարզամշակութային կազմակերպություններ ու միություններ, ազգային բուժարան, հրատարակվում են թերթեր, կան հայագիտական կենտրոններ։

Իրանում կա նաեւ փոքրաթիվ հայ կաթոլիկ ու հայ ավետարանական համայնք, որոնք նույնպես ունեն հոգեւոր ու կրթական հաստատություններ։

Արշալույս Զուրաբյանի էջից: