«Չկա ավելի մեծ չարիք, ավելի մեծ աղետ ժողովրդի համար, մասնավորապես՝ մեզ նման փոքրիկ ժողովրդի համար, քան կույր կուսակցամոլությունը: Մեր կուսակցությունների պայքարի միակ «մարտական միջոցը» պիտի լինի բարոյական կշտամբումը եւ ոչ սուտը, զրպարտությունը, իրողությունների խեղաթյուրումը»․ Գարեգին Նժդեհ
Որքանո՞վ են, օրինակ, լուսանցքային «Սասնա ծռերը» ազգային ուժ:
Վերջերս կասկածելի կենտրոններից սնվող տեղական կառույցները հաճախ են անդրադառնում գաղափարախոսական հարցերի: Այստեղ փորձ է արվում երկու հիմնական խնդիր լուծել: Առաջին՝ քաղաքական դաշտից դուրս մղել ազգային գաղափարախոսությամբ առաջնորդվող իրական ուժերին, իսկ ազգային օրակարգի ձևավորումն ամեն գնով դարձնել արևմտասորոսականների մենաշնորհը: Երկրորդ՝ ազգային աշխարհընկալումը և դրանից բխող գործունեությունը դնել լուսանցքային կազմակերպության հետ նույնական մակարդակի վրա և արժեզրկել:
Այստեղ տրամաբանական հարց է առաջանում. որքանո՞վ են, օրինակ, լուսանցքային «Սասնա ծռերը» ազգային ուժ: Որպես կանոն, գոյություն ունեն մի շարք հարցեր, որոնք պետության ներսում ազգային ուժերի համար սկզբունքային կարևորություն ունեն՝ եկեղեցի, բանակ, մշակույթ, ավանդական ընտանիք, ազգային վարք ու բարք և այլն: Իրեն ազգային ուժ հռչակած «Սասնա ծռերը» ծպտուն անգամ չհանեց, երբ անցյալ տարի թիրախավորվել էր Հայ առաքելական սուրբ եկեղեցին, իսկ Հայաստանում լայն գործունեություն ծավալող աղանդավորական կառույցների հանդեպ նրանց դիրքորոշումն անհայտ է: Մի՞թե ազգային ուժը կարող է կրավորական մոտեցում ունենալ նման հարցերում: Իրենց պետականության պատվար ներկայացնող «Սասնա ծռերը» կրկին լռեցին, երբ համասեռամոլները Երևանում գրոհեցին ոստիկանական բաժանմունքը: Նրանք անարձագանք թողեցին նաև այն դրվագը, երբ ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն ԱԺ ամբիոնն օգտագործեցին իրենց քարոզի համար: Մի՞թե ազգային խնդիրներով մտահոգ ուժը կարող էր հանդուրժել ազգային նկարագրի նման ստորացումը: Պետության վաղվա օրով «մտահոգ» ծռերը չնկատեցին, երբ կրթության նախարարը ամենաբարձր մակարդակով ընդունեց սեռափոխվածի, իսկ մի գրախանութում փորձ արվեց կազմակերպել «Իմ մարմինն անձնական է» գրքի շնորհանդեսը:
Արդյո՞ք ազգային օրակարգ կրողները կարող են անվրդով մնալ մատաղ սերնդի հոգևոր պղծության փորձերին: «Ծռերը» նույնիսկ լուռ էին այն ժամանակ, երբ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ժամանակ ներկայացվեցին կասկածելի սցենարով թուրքական և ադրբեջանական ֆիլմեր: Պետության անվտանգության մասին մտածող ուժը չի կարող լուռ մնալ, երբ քարոզվում է պացիֆիզմ թշնամու նկատմամբ: Իսկ արդյո՞ք ոտնձգությունը սեփական պետության նկատմամբ (որն իրենք, քողարկելով իրական նպատակները, որակում են որպես ապստամբություն) բավական է այն իրականացնողներին ազգային կոչելու համար: Կամ գուցե ոստիկանների սպանությունը և նրանց ընտանիքները վշտի մեջ թաթախելն է ազգային նկարագրի իրենց բնութագիրը: Կամ էլ բանկոմատ թալանելը և շտապ օգնության աշխատակիցներին պատանդ վերցնելն է իրենց պատկերացմամբ ազգային ուժի գործելակերպը:
Սակայն կա մի բան, որը մագնիսի պես ձգում է «Սասնա ծռերին», որի գայթակղությանը նրանք անզոր են դիմանալ: Դա հակառուսական քարոզչությունն ու գործունեությունն է: Հայաստանում սորոսյան գրասենյակի հիմնադիր Գարեգին Չուգասզյանի ուղղորդմամբ շարժվող այս ուժը (որի շարքերում, անշուշտ, կան մոլորված և մանիպուլացված հայրենասերներ) փորձում է խաթարել հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները: «Սասնա ծռերի», այսպես կոչված, «ազգային» օրակարգն ուղղված է հայ-ռուսական դաշնակցային կապերը սասանելուն և կասկածելի տերերի պատվերներն անխոս կատարելուն: Նշվածին գումարվում է նաև այն, որ «Ծռերն» իրենց հովանավորների կողմից արդեն իսկ դիտարկվում են որպես գործիք՝ երկրի ներսում քաղաքական հետապնդումների համար: Մնում է հասկանալ՝ ո՞ր կենտրոններից է ուղղորդվում հակառուսական հիստերիայով բռնված, իրական ազգային հարցերին անհաղորդ այս ուժը:
Հ.Գ. Ի դեպ, պարոնայք «Ծռեր», ինչո՞ւ գործող իշխանությունից ևս չեք պահանջում հետ նվաճել հակառակորդին անցած 800 հեկտարը և ինքներդ չեք լծվում այդ գործին:
©️ Վահե Հայկունի