Հանրային խորհրդի նորընտիր նախագահ Ստեփան Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակային պատասխանել է Դավիթ Խաժակյանին և Վահե Մակարյանին։
«Հրապարակային պատասխան իմ բարեկամներ Davit Khazhakyan / Դավիթ Խաժակյան-ին ու Vahe Makaryan-ին։
Այս երկխոսությանը երբեք չէի անդրադառնա։ Անդրադարձել եմ ոչ թե նրա համար, որ հարգարժան Դավիթ Խաժակյանն արձագանքել է իմ՝ Հանրային խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվելուն, դրա «խորքային պատճառներին» ու իշխանության հետ իմ հարաբերություններին, իմ «բարձր ակնկալիքներին ու արձանագրածս առավելագույն արդունքների անմխիթարությանը» /քավ լիցի/, այլ որ այդ փոքրիկ երկխոսությունը Երևանի ավագանում ընդդիմադիր անդամի և ընդդիմադիր լրագրողի միջև վեր է հանում նրանց մասնագիտական կարողությունների ողջ մակարդակը, ցավոք, նաև՝ դրանց իսպառ բացակայությունը։
Եվ այսպես, երկու հարգարժան ընկեր՝ մեկը Երևան քաղաքի ներկայացուցչական մարմնում, մյուսը «Հրապարակ» թերթում, ի դեպ, վերջինս նաև նշանակման օրը ճեպազրույց վերցրեց ինձանից շատուշատ հարցերով, ԱՆՏԵՂՅԱԿ ՈՒ ԱՆԻՐԱԶԵԿ ԵՆ, որ
-Հանրային խորհրդի անդամներից և ոչ մեկի աշխատանքը, այդ թվում՝ ՆԱԽԱԳԱՀԻՆԸ, վճարովի չէ, ծառայողական ավտոմեքենա չկա, չի նախատեսվում ոչ օրենքով, ոչ կանոնադրությամբ /եթե դրանք իհարկե չփոփոխվեն/, ինչի մասին «վստահաբար պնդում է» ավագանու «քաջատեղյակ», ամեն ինչ «լավ ուսումնասիրող» անդամը։ Սիրելի Դավիթ, Հանրային խորհրդի անդամի գործունեությունը հասարակական հիմունքներով է, ինքս էլ ՀՀ վարչապետին համաձայնությունս տալիս որևէ կերպ չեմ ակնարկել, որ այդ մարմին գնում եմ նյութական ակնկալիքով․ լավ կլինի ձեր քաղաքական գործունեության ընթացքում, և առհասարակ, ավելի հաճախ օրենքներ կարդաք։
-Ոչ պակաս վատ է, որ Հրապարակ թերթը Հանրային խորհրդի նախագահի հետ ճեպազրույցի է ուղարկում մի լրագրողի, հարգարժան ընկերոջ, ով ինչ-որ «ՊՊԾ համարանիշներով» Nissan Altima ավտոմեքենա է տեսել, որը սպասարկում է Հանրային խորհրդի նախագահին․․․ Հուսով եմ, պարոն Վահե Մակարյանը շատուշատ տեղեկություններ կփոխանցի մեզ՝ նախկին նախագահ Վազգեն Մանուկյանին սպասարկած ծառայողական ավտոմեքենայի մասին, որովհետև դա մեզ համար կատարելապես նորություն է․․․․
-Հարգելի Դավիթ Խաժակյան, եթե նույնքան «»բարեխիղճ” են եղել ձեր «»բացահայտումները” Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի «անվերահսկելի դարձած կոռուպցիոն գործարքների» մասին, Աստծո սիրուն, մի հապաղեք, վայր դրեք ձեր մանդատը, որովհետև Երևան քաղաքը մեղք է, քաղաքապետ Հայկ Մարությանն ու ձեզ ունկնդրող ավագանիները և հանրությունը նույնպես․․․ այդքան մերկապարանոց հայտարարություններին ու զրպարտություններին դիմանալը բարդ, եթե չասեմ՝ անհնար բան է․․․
-Գոնե ինձ մոտ այլևս տպավարություն է ստեղծվում, որ ավագանու վերջին սկանդալային նիստից հետո ձեր մանդատը վայ դնելու իրական դրդապատճառները հենց այդօրինակ՝ «»բանից անտեղյակ ելույթներ” ունենալու մեջ է, ու, ցավալի կլինի, եթե պարզվի, որ դա թաքցնելու համար սլաքներն ուղղեցիք ձեր կին գործընկերների ելույթների վրա, որոնք իբրև թե հանրության ուշադրությունը շեղում են ձեր իմաստալից «գործունեությունից․․․» ու նեղված եք դրանից․․․ Ազնիվ չէ, Դավիթ ջան․․․․
-Իմ վաղեմի բարեկամ Վահե Մակարյանին էլ խորհուրդ կտամ, ոչ թե չզբաղվել լրագրությամբ, այլ հակառակը, կոչ կանեմ լավագույնս ուսումնասիրել Հանրային Խորհրդի մասին ՀՀ օրենքը և նոր զբաղվել այդ կառույցի աշխատանքների լուսաբանմամբ․ ես երեկ էլ ճեպազրույցում շատ նրբանկատորեն ու բարեկամաբար իրեն հասկանալի դարձրեցի, որ ինքը չի հետևել Հանրային խորհրդի գործունեությանը, իմ կամ որևէ այլ անդամի ունեցած ելույթներին, ըստ այդմ, իր տված հարցերը, կներեք, մեղմ ասած, տեղին չեն․․․․
-Թե ինչու պարոն Խաժակյանը չի հիշում Երևանի ավագանում Բարև Երևան խմբակցության/իմ գործունեությանը, ցավոք օգնել չեմ կարող։ Միայն մի բան կասեմ, որ եթե դեռևս այդ գումարման ավագանուց սկսած Երևան քաղաքի ավագանու նիստերը ուղիղ հեռարձակվում են լայն հանրության համար, որով երևանւցին ու աշխարհը այսօր նաև գիտի Դավիթ Խաժակյանի անունը ու նրա գործունեության մասին, ապա դա բացառապես Բարև Երևան խմբակցության, իսկ ավելի ստույգ՝ Ստյոպա Սաֆարյան/Անահիտ Բախշյան ավագանիների օրենսդրական նախաձեռնության շնորհիվ, որը մեզ հեշտ չտրվեց, քանի որ մեկ տարուց ավել տևեց դրան հասնելու համար, իսկ, այ, պարոն Խաժակյանը հավանաբար մտածում է, թե այդ ուղիղ հեռարձակումը Աստծո նվերն է կամ պապիկից ստացված ժառանգություն․․․
Հարգելի Դավիթ Խաժակյան, և վերջում, ավելի բարձր պաշտոնի, աշխատավարձի, ծառայողական ավտոմեքենայի ու մնացածի մասին իմ ակնկալիքների մասին․ակնհայտորեն, դուք նույնիսկ տեղյակ էլ չեք վերջին տարիներին իմ՝ մի քանի անգամ արած հայտարարություններին, որոնք վերաբերել են նախկին իշխանությունների օրոք պաշտոններ զբաղեցնելու մերժված առաջարկներին՝ Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանի առաջարկ (2011թ․), ԱԺ պատգամավոր դառնալու առաջարկ (2012թ․), Արտաքին գործերի կամ արտակարգ իրավիճակների նախարարություններում փոխնախարար՝ իմ ընտրությամբ /2012թ․/, Կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի նախագահ /2013թ․/, Սերժ Սարգսյանի/ՀՀԿ-ի հետ կոալիցիոն կառավարությունում արտակարգ իրավիճակների նախարար․․․ Եթե մի փոքր որոնեք համացանցում, ապա կտեսնեք, որ անգամ թվարկել եմ այդ առաջարկները բերող բարձրաստիճան բանագնացների անունները․․․․
Ու ինչպես նկատում եք, նախկինում մերժել եմ վճարովի, քարտուղարուհիներով, օգնականներով, խորհրդականներով, ծառայողական մեքենաներով առաջարկներն ու այժմ ընդունել եմ ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից ինձ արված՝ «ձրի» աշխատելու առաջարկը․․․ Միայն թե համաձայնեք, որ ինձանից ռեսուրսներ, ժամանակ ու այլ բաներ խլող այդ աշխատանքին համաձայնելը արդեն չի կարող լինել իշխանության «»գովքի” գին․․․ «Գինը գնահատողներն» այն արդեն արել են ու առաջարկված պաշտոնների մի մասը թվարկված է վերևում․․․․
Ցավում եմ, որ դա նույնպես ձեզ համար անհասկանալի ոլորներից է, ինչպես որ պարզվեց, կոռուպցիոն բացահայտումների ձեր անպտուղ ջանքերը․․․ Որովհետև այդտեղ առևտուր չկա, գործարք չկա, կա շատ պարզ, գաղափարական, մարդկային, արժեքային ընդհանրություն իմ և Նոր Հայաստանի կառավարության ու նրան սատարող ժողովրդի միջև․․․
Հարգելիներս, մի քիչ զուսպ եղեք, ու նաև միանգամայն տեղեկացված։
Ամենայն հարգանքով՝
Ստեփան Սաֆարյան»