Մամեդյարով-Մնացականյան 3.5 ժամ տևած բանակցությունների մասին առաջին ինֆորմացիան ստանում ենք ադրբեջանական կողմից: Նշվում է, որ կողմերը պայմանավորվել են հանդիպել եկող տարվա սկզբին:
Ավելի ուշ տարածվում է ՀՀ ԱԳ հայտարարությունը, ըստ որի կողմերը խոսել են խաղաղությանը նպաստող միջավայրի ձևավորման կարևորության, այս առնչությամբ նախկին հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին հավատարիմ մնալու մասին: Ընդամենը... 3.5 ժամ...
Եվ սա այն պայմաններում, երբ հանդիպումից ժամեր առաջ պաշտոնական Բաքուն ԵԱՀԿ-ում տարածել էր մեմորանդում՝ հակամարտության կարգավորման սեփական՝ շատ հստակ տեսլականով: Սա ըստ էության վերջնագիր էր. Ադրբեջանը պատրաստ է բանակցել բացառապես իր կողմից նշված կոնցեպտի շրջանակներում:
Առավել քան տրամաբանական ու սպասելի էր, որ սրան պիտի լիներ արձագանք հայկական կողմից/կողմերից: Եվ եթե անգամ պատասխանը չլիներ նույնատիպ փաստաթղթի տեսքով, դրան պիտի հատուկ բրիֆինգով անդրադառնար նախարար Մնացականյանը՝ արդեն Բրատիսլավայից: Բայց չունենք ոչինչ, տառացիորեն՝ ոչինչ:
Ավելին, չունենք նաև վստահություն, որ այս մասին, ինչպես նաև հակամարտությունը միջհամայնքային ձևաչափ տեղափոխելու անթույլատրելիության մասին, ինչի վերաբերյալ արդեն առիթ ունեցել ենք խոսելու, նախարար Մնացականյանի կողմից բարձրաձայնվել է բուն բանակցությունների ընթացքում: Նման դեպքում ԱԳՆ հայտարարության մեջ սա պիտի հստակ նշված լիներ:
Եվ ուրեմն, ինչի՞ շուրջ ենք այսօր բանակցում: Ի՞նչ "միասնական փաթեթ" է, որից այսքան ոգևորված են Բաքվում և որի մասին վախենում ենք խոսել մենք: Կարծում եմ՝ առավել քան երբեք, ժամանակն է, որ ժողովրդի վարչապետը ներկայացնի ժողովրդին, թե ինչ ունենք այսօր Արցախի հարցում