Իրավապաշտպան Վարդան Հարությունյանն անդրադարձել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի շուրջ տեղի ունեցող իրադարձություններին: Նա իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է.
«Պարզ է, Արայիկ Հարությունյանը թիրախավորված է։ Եթե նա վաղն առավոտյան հայտարարի, թե երկիրը կլոր է՝ էլի հայհոյվելու է։ Կարծում եմ, նա այս հանգամանքին հանգիստ պետք է վերաբերվի։ Խնդիրը խորքային չէ։ Մակերեսային է, պարզունակ ու կուսակցական։ Նաև՝ քաղաքական։
Եթե ես տաղանդավոր բեմադրիչ լինեի՝ այս որակի «ՀուԶանք ուԶանգ» չէի բեմադրի։ Ո´չ Կարա Դարվիշը, ո´չ Գևորգ Աբովը և ո´չ էլ Ազատ Վշտունին, իմ կարծիքով, այն պոետները չեն, որոնց արժեր հիշել ու հիշատակել։ Բայց իմ տաղանդը չունեցող մեկ այլ բեմադրիչ, իհարկե, կարող էր նման բան ու նման որակով անել։ Ինչն էլ արվել է։ Միայն հիվանդը այնտեղ սատանայականություն կփնտրի ու կտեսնի։ Միայն հիվանդը ամենուր եւ բոլորից ավանդական լինել կպահանջի։ Սկի Քուչակը ավանդական չի, էլ ո՞ւր մնաց մոռացված Վշտունուն ֆուտուրիզմի նմուշ համարող ու նրան վերակենդանացնել փորձող մեր այսօրվա բեմադիրչը։
Եթե ես ռեժիսոր լինեի, ոչ թե ստից՝ այլ լավ ռեժիսոր, ապա անկասկած կցանկանայի ֆիլմ նկարահանել Մելինե կամ Մել Դալուզյանի մասին։ Ավելի հետաքրքիր թեմա դժվար գտնվի։ Կնկարահանեի ու կդնեի ամերիկացի Թրուդի Սթեյլերի «Անճոռնիների կրկեսը», իտալացի Լուկիանո Վիսկոնտիի «Մահ Վենետիկում» ու նման այլ ֆիլմերի շարքում ու կասեի՝ եկեք եւ տեսեք, թե մարդկային ի՞նչ ճակատագրերի ու խորքային ինչ թեմաների է կարողանում անդրադառնալ, բացահայտել ու ներկայացնել մեր ժամանակների հայ ռեժիսորը։ Հետն էլ, իմ բարձունքից, կհեգնեի ազգային ու ավանդական արժեքներից խոսացողներին ու ամենուր գեյեր ու սատանաներ փնտրող ու գտնողներին։
Եթե ես կրթության ու գիտության նախարարը լինեի, ապա, անկասկած, կառաջարկեի, որ բուհական ծրագրից, որպես պարտադիր առարկաներ, հանվեն հայոց լեզուն ու պատմությունը, որովհետեւ դրանք պետք է ուսուցանված լինեին դպրոցում։ Իսկ դպրոցից կհանեի եկեղեցու ու կրոնի պատմությունը։
Եւ, վերջապես, եթե ես առողջապահության նախարարը լինեի, ապա ամեն ինչ կանեի, որ բժշկական համալսարանում հոգեբուժության ամբիոնը առանձնահատուկ ուշադրության արժանանա եւ այդ մասնագիտությանը հատկացվող տեղերի քանակը շեշտակի ավելացվի»։