Բուհերում հայոց լեզու և հայ ժողովրդի պատմություն առարկաների պարտադիր դասավանդման հետ կապված խնդիրն իրականում շատ ավելի խորքային է: Նախ, համաձայն եմ այն կարծիքին, որ 12 տարի դպրոցում սովորելուց, կրկնուսույցի մոտ պարապելուց հետո բուհ ընդունված ուսանողին նորից լեզու ու պատմություն դասավանդելը որևէ կերպ տրամաբանական չէ: Պարզ է չէ, որ 12 տարի չսովորածին էդ մի կիսամյակում բուհը որևէ բան չի սովորեցնելու, իսկ սովորածի համար էլ անիմաստ ժամանակի վատնում է: Փոխարենը, միանշանակ համաձայն եմ, այդ դասաժամերը պիտի հատկացվեն մասնագիտական առարկաների ուսուցմանը: Ի վերջո, բուհը չպիտի իր վրա վերցնի դպրոցի գործառույթները, բուհը պիտի մասնագետ պատրաստի: ԲԱՅՑ...

ԲԱՅՑ Նման փոփոխություն անելու ու բուհերից պարտադիր ուսուցումը հանելուց առաջ պիտի սկսենք դպրոցներից: Հենց այս երկու առարկաների՝ հայոց լեզու և հայ ժող. պատմություն առարկաների դասավանդումը պիտի պետության անմիջական ուշադրության ներքո լինի: Պիտի դպրոցում հասնենք էն մակարդակին, որ պարզապես անիմաստ լինի առաջին կուսում նորից կրկնելը:

ԵՎ բացի այս, կա նաև երկրորդ հանգամանքը, որ նույնիսկ իմ պես մտածող մարդուն ստիպում է ընդդիմանալ նախարարության այս որոշմանը: Պարզ է չէ, որ բուհերում միայն հայոց լեզու ու պատմություն առարկաները չեն, որ կարելի է ու պետք է փոխարինել մասնագիտական առարկաներով: Իսկ ինչու՞ ենք սկսում հենց այս երկուսից, ինչու՞, և ինչու՞ հատկապես դպրոցներից հայ եկեղեցու պատմությունն հանելու նախաձեռնությանը զուգահեռ (կամ դրանից հետո. չեմ հիշում): Տարօրինակ չի՞

Հ.Գ. Իսկ Արայիկ Հարությունյանի հրաժարականը պահանջողները լու՞րջ հավատում են, որ խնդիրը Արայիկ Հարությունյանն է, ու որ այս նախաձեռնությունն իր միանձնյա որոշման արդյունք է: Լու՞րջ