Բրյուսելից տեղեկացա, որ եվրոպական վերջին ընտրություններից հետո Հայաստանի որեւէ պաշտոնական պատգամավորական պատվիրակություն դեռ չի այցելել Բրյուսել եւ չի ծանոթացել իրենց նոր գործընկերների հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի: Այդքան ամբաղ-զամբաղ գործուղումների արանքում ժամանակ գտեք նաեւ բուն գործով զբաղվելու համար։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 30-ին, իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«ԱՅԴՔԱՆ ԱՄԲԱԽ-ԶԱՄԲԱԽ ԳՈՐԾՈՒՂՈՒՄՆԵՐԻ ԱՐԱՆՔՈՒՄ ԲՈՒՆ ԳՈՐԾՈՎ ԶԲԱՂՎԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ ԳՏԵՔ
Եվրոպական խորհրդարանում ավարտվեց ԵՄ-Հարավային Կովկաս պատգամավորական պատվիրակության ձեւավորումը ( DSCA delegation), որը իրականացնելու է խորհրդարանական դիվանագիտությունը Հայաստանի եւ մեր հարեւանների հետ:
Ինչպես հայտնի է, Վրաստանի դեպքում գործելու է Խորհրդարանական ասոցիացման հանձնաժողովը (Parliamentary Association Committee), Ադրբեջանի հետ՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (Parliamentary Cooperation Committee), իսկ Հայաստանի հետ՝ Խորհրդարանական համագործակցության հանձնաժողովը (Parliamentary Partnership Committee), որը ես եւ իմ եվրոպացի գործընկեր-համանախագահ Սաջաթ Քարիմը հասցրեցինք միասին հիմնադրել՝ ի կատարումն Հայաստան-ԵՄ նոր համաձայնագրի:
Օրերս պատվիրակության ղեկավար է ընտրվել էստոնացի Մարինա Կալյուրանդը, ով ներկայացնում է սոցիալ-դեմոկրատների խմբակցությունը: Մինչ Եվրախորհրդարանի պատգամավոր դառնալը նա ակտիվորեն զբաղվել է Էստոնիայի ներքին քաղաքականությամբ, եղել է Էստոնիայի արտաքին գործերի նախարար, դեսպան ԱՄՆ-ում, Ռուսաստանում, Կանադայում, Մեքսիկայում, Ղազախստանում:
Պատվիրակության ղեկավարի երկու տեղակալների անունները նույնպես հայտնի են՝ լեհ Կոզմա Զլոտովսկին պահպանողականներից եւ լիտվացի Ռասա Յուկնիավիչենեն ԵԺԿ-ից: Վերջինս ունի շատ լուրջ քաղաքական բագաժ: Յուկնիավիչենեն 4 տարի աշխատել է որպես Լիտվայի պաշտպանության նախարար, եղել է նաեւ ՆԱՏՕ-ի խորհրդարանական Վեհաժողովի նախագահ:
Ինչպես տեսնում ենք, պատվիրակության ղեկավարությունը արեւելաեվրոպական է, կանխատեսելի գեոպոլիտիկ հայացքներով, մասնավորապես՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք կարող են պրոյեկցվել նաեւ մեր տարածաշրջանի վրա:
Հուսամ, այսօրվա ԱԺ-ի համապատասխան պատվիրակությանը կհաջողվի պահպանել ու զարգացնել մեր թողած լավագույն ավանդույթները եւ արդյունավետ աշխատանքային հարաբերություններ հաստատել Եվրախորհրդարանի գործընկերների հետ:
Այս հարցը խիստ կարոեւոր է ինչպես ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության համար, այնպես էլ հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական այս պատվիրակությունը աշխատելու է նաեւ Ադրբեջանի հետ:
Հ.Գ. Բրյուսելից տեղեկացա, որ եվրոպական վերջին ընտրություններից հետո Հայաստանի որեւէ պաշտոնական պատգամավորական պատվիրակություն դեռ չի այցելել Բրյուսել եւ չի ծանոթացել իրենց նոր գործընկերների հետ՝ ի տարբերություն Ադրբեջանի եւ Վրաստանի:
Այդքան ամբաղ-զամբաղ գործուղումների արանքում ժամանակ գտեք նաեւ բուն գործով զբաղվելու համար»: