Մուդիզ միջազգային վարկանիշային կազմակերպությունը բարձրացրել է Հայաստանի սուվերեն վարկանիշը «B1»-ից դարձնելով «Ba3»:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Որոշումը հիմնված է Մուդիզի այն գնահատականների վրա, որ Հայաստանում տնտեսական աճի շարժիչների աճող դիվերսիֆիկացումը՝ զուգակցվելով արդեն երկար ժամանակ պահպանվող մակրոտնտեսական կայունության հետ, բարձրացնում է Հայաստանի տնտեսության դիմադրողականությունը: Մուդիզն իր հայտարարության մեջ նշել է, որ Հայաստանում իրական ՀՆԱ-ի աճը միջնաժամկետում կմնա բարձր:

Հատկապես կարևորվել է Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումը, որն առավելապես զբաղված է բարձր տեխնոլոգիաների հետազոտմամբ ու զարգացմամբ և հանդիսանում է գիտելիքահենք տնտեսության ուժեղ հիմք»,- գրել է Փաշինյանը:

ՀՀ վարչապետի խոսքով՝ այս վարկանիշը մեծացնում է միջազգային վստահությունը Հայաստանի տնտեսության նկատմամբ եւ էականորեն բարելավում երկրի ներդրումային գրավչությունը: