13:31
«Այդպիսի պատասխանը իրական ծաղր ու ապտակ է Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը»

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու…

Փաստորեն Ռուսաստանը հրաժարվեց հաձնել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանին:

ՌԴ գլխավոր դատախազությունը նշել է, որ Մ. Պողոսյանին քրեական հետապնդման ենթարկելու նպատակով հանձնելու մասին ՀՀ գլխավոր դատախազության միջնորդության բավարարումը հնարավոր չէ` հիմք ընդունելով «Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» 22.01.1993թ. Կոնվենցիայի 19-րդ հոդվածի դրույթները, համաձայն որի` իրավական օգնություն ցույց տալու խնդրանքը լրիվ կամ մասնակիորեն մերժելու հիմք է, եթե այդպիսի օգնության ցուցաբերումը կարող է վնաս հասցնել հարցվող (կոնկրետ դեպքում ՝ հանձնման միջնորդությունը քննարկող)

Պայմանավորվող կողմի ինքնիշխանությանը կամ անվտանգությանը կամ հակասում է նրա օրենսդրությանը:

Թե ինչպիսի վնաս կարող է հասցվել Ռուսաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը այդ անձին Հայատանին հանձնելու դեպքում, գիտեն միայն իրենք, բայց որ այդպիսի պատասխանը իրական ծաղր ու ապտակ է Հայաստանի ինքնիշխանությանն ու անվտանգությանը, ակնհայտ ու բացահայտ է:

Փաստորեն, որպես պետություն, Հայաստանը զրկվում է քրեական հետապնդում իրականացնելու և անձին քրեական պատասխանատվության ենթարկելու իր ինքնիշխան իրավունքից:

Բայց այս հարցում անիմաստ ու անհիմն է մեղադրել Ռուսաստանին: Մարդիկ առաջնորդվել են իրենց պետական շահերով:

Դո՛ւք բարի լինեիք Ձեր գործողություններն իրականացնել այնպես, որ, ինչպես Դուք եք ասում, ոչ մեկ, այդ թվում Միհրան Մողոսյանը, չպլստար ու խուսափեր պատասխանատվությունից: Ինչո՞ւ և ո՞ւմ թույլտվությամբ կամ համաձայնությամբ այդ մարդը կարողացավ դուրս գալ Հայաստանից:

Այս ձախողման ու տապալման, իրավական համակարգի այս փնթիության համար ո՞վ է պատասխան տալու…

Միակ մխիթարող հանգամանքն այն է, որ ինչպես մի առիթով նշեց ՀՀ վարչապետը, Հայ-ռուսական հարաբերությունները նախկինում երբեք այնքան բարձր մակարդակի չեն եղել, որքան այսօր…»:

 

 

 

Առաջարկում ենք նաև
Լրահոս