Լրագրող Գոհար Վեզիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության կենտրոնում տգիտության հաղթարշավը շարունակվում է: Դեռ քանի՞ ընտանիքներ ու ճակատագրեր պետք ա կյանքով վճարեն՝ էս բուժհաստատություն ոտք դնելու համար. հռետորական հարց է: Պատասխանը յուրաքանչյուրիս շրջապատի վիճակագրությունն է:
Ժամանակն է կանգ առնել ու բժիշկ հասկացությունը տարանջատել անտարբերությամբ հենց այնպես մարդ սպանող ղասաբից: Ժամանակն է վերջապես, որ, օրինակ, այս հիվանդանոցի բժիշկ-քիմիոթերապեվտ Բելլա Առաքելյանն ու Թորակո-աբդոմինալ (որովայնի) բաժանմունքի վարիչի Գագիկ Համբարձումյանը հասկանան, որ քրեորեն պատժվում է մարդասպանությունը՝ անկախ դրա ձևերից ու եղանակներից: Հասարակական պարսավանքի գործիքակազմին պետք է լրացնելու գա արդարադատությունը: Սրանց նմաններին կիլոմետրերով հեռու պետք է պահել բուժհաստատություններից, սրանց նմաններին պետք է պատժել օրենքի ողջ խստությամբ, որովհետև որևէ մեկս ապահովագրված չենք, որ սրանք մի օր էլ կարող են հասնել մեզ, մեր հարազատներին:
Ընդամենը օրեր առաջ սրանց՝ լկտիության հասնող անփույթ և անգրագետ գործունեության հետևանքով կորցրինք մեր ավագ ընկերոջը՝ Գառնիկ Վաղարշակյանին: Պայքարող, համառ ու ազնիվ մեր ընկերն արդեն հավերժի ճամփորդ է, իսկ մենք գործ ունենք անելու՝ հասնելու արդարադատության ու փորձելու կանխել չարը:
Սա կարճ նախաբան: Մնացածը հաջորդիվ ու առանձնակի դաժանությամբ»: