Հուլիսի 17-ին «Ազատություն» ՌԿ-ին տված հարցազրույցի էֆեկտը փչացրին իջևանցի անտառահատները, որոնք, դուրս գալով Հայաստան-Վրաստան միջպետական մայրուղի, փակել էին այն և բավականին երկար ժամանակ ուղղակի պատերազմում էին ոստիկանների դեմ։
Իջևանում և հետհեղափոխական Հայաստանի տարբեր վայրերում մինչ այդ տեղի ունեցած բազմաթիվ փողոցամայրուղիափակման գործողությունները նախ և առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության արդյունքն են, ով իշխանության գալուց հետո հայտարարեց, որ այսուհետ փողոցն է որոշումներ կայացնելու և իր կարծիքը հայտնելու Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։ Սակայն պարոն վարչապետը մի բան հաշվի չէր առել, որ իր հռչակած փողոցային ժողովրդավարության քաղաքականությունը, որը Աթենքի կառավարիչ Պերիկլեսի կողմից կիրառվել է Ք.ա. 5-րդ դարում և դրանից հետո, գրեթե մերժվել է որպես կառավարման ձև, «երկդիմի» է․ կարող է նույն այդ փողոցի կողմից կիրառվել իր իսկ դեմ, եթե այդ նույն փողոցը դժգոհ է իր վարչակարգի կողմից ընդունված որոշումներից կամ էլ զոռբայությամբ, ինչպես ժամանակին պարոն Փաշինյանն էր անում, նույն այդ փողոցի միջոցով հասնել իր ուզածին, եթե նույնիսկ այն հակաօրինական է և ոտնահարում է այդ նույն դեմոսի մի որոշ զանգվածի իրավունքները։
Իջևանում տեղի ունեցածը պարոն Փաշինյանի ցանածի պտուղներն են, որի մասին շատերն էին նախազգուշացնում նրան։ Պարոն Փաշինյանը պետք է պատրաստ լիներ այս ամենին. եթե փողոցը երկրի վարչապետի հորդորով շրջապատում է ԱԺ-ն կամ դատարանները և պարտադրում է իր կամքը, ապա նույն փողոցն էլ իր՝ նույն Փաշինյանի կողմից տրված լիազորություններն իրավասու է համարում օգագործել նույն Փաշինյանի դեմ։
Իջևանում տեղի ունեցածի պատճառներից մեկը վատ կառավարման խնդիրն է, որի մասին, ի դեպ, հուլիսի 17-ի հարցազրույցի ժամանակ խոսեց նաև ՀՀ վարչապետը։ Այո՛, եթե պարոն Փաշինյանի կողմից նշանակված պաշտոնյաներն իրենց տեղում լինեն, ապա շատ դեպքերում գործը չէր հասնի սրացմանը և հակաօրինականությանը։ Սակայն Հայաստանի վարչապետն իր թիմի շատ անդամների դիլետանտությունը բարդեց նախորդ համակարգի վրա, քանի որ, ըստ պարոն Փաշինյանի, իր նշանակած կադրերը կազմում են 1-2 տոկոսը, և մնացածը հին համակարգն է, հին մեխանիզմները։ Անընդունելի թեզ է, քանի որ իր նշանակած այդ 1-2 տոկոսն են համարվում այն լոկոմոտիվները, որոնք իրենց հետևից պետք է տանեն իրենց վստահված ոլորտները։ Իսկ վարչապետի մատնանշած հին համակարգի ներկայացուցիչներն ընդամենը կատարողներ են և պատասխանատու չեն որևէ ձախողման համար։ Եթե չեն կատարում ղեկավարի հրահանգները, ապա պետք է ազատվեն աշխատանքից, իսկ եթե չեն ազատվում, ուրեմն՝ հասկանալի է, թե ինչու. որովհետև նույն վարչապետն էլ լավ գիտի, որ ձախողման հետևում իր իսկ նշանակած կադրերն են, որոնք, բացառությամբ մի քանիսի, տարրականորեն չեն տիրապետում իրենց վստահված ոլորտներին։
Պարոն Փաշինյանը նույն այդ հարցազրույցում նաև հայտարարել էր, որ «այդ (կարդա՝ իր) քաղաքական թիմը կարողացել է ինչ-որ առումով առաջնորդել ժողովրդին և այդ քաղաքական թիմը շարունակում է առաջնորդել ժողովրդին և վայելում է ժողովրդի վստահությունը: Եվ այդ քաղաքական թիմն ունի բավարար հմտություններ երկիրը կառավարելու համար: Կարծում եմ՝ հետհեղափոխական շրջանը հենց դրա մասին է վկայում»։
Սա կա՛մ ռոմանտիզմի դրսևորում է, ինքնախաբեություն, որ իր թիմը վայելում է ժողովրդի վստահությունը, կամ էլ միտումնավոր է ասված վարչապետի կողմից՝ իր վրայից մաքրելու ձախողումների հետևանքները և այն հիմնականում բարդելու իր թիմակիցների վրա։ Պարոն Փաշինյանը պետք է հասկանա, որ ժողովուրդը Թավշյա հեղափոխության ժամանակ գնացել է ոչ թե իր 95 տոկոսով հասարակությանն անհայտ թիմակիցների, այլ հենց իր՝ Նիկոլ Փաշինյանի հետևից։ Խոսք չի կարող լինել, որ իր թիմն իբր վայելում է ժողովրդի վստահությունը։ 2018 թ․-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ժողովուրդը, գտնվելով հետհեղափոխական էյֆորիայի մեջ, պարոն Փաշինյանի հորդորով նույնիսկ «դվորնյաժկա» Չալոյին կընտրեր պատգամավոր, էլ չեմ ասում Փաշինյանի թիմակիցներին, որոնք, որքան հասկանում են, շատ շուտ են մոռացել, որ ընդամենը մի քանի տասնյակ կամ լավագույն դեպքում հարյուր ձայն էին ստացել 2017 թ․-ի ապրիլին տեղի ունեցած ԱԺ ընտրությունների ժամանակ և Փաշինյանի աննկարագրելի բարձր վարկանիշի շնորհիվ դեկտեմբերին տեղի ունեցած ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ Փաշինյանի ուսերին նստած ԱԺ մտնելը փորձում են ներկայացնել որպես սեփական ձեռքբերում։ Դա անում են ոչ միայն իմքայլականները, այլև նույն Փաշինյանը, շատ լավ գիտենալով, որ դա այդպես չէ, և կառավարության ձախողումների համար պատասխանատու է ոչ թե Փաշինյանի թիմը, այլ հենց պարոն վարչապետը, ով իր կուսակից, դիլետանտ ընկերներից շատերին վստահել է բարձր պաշտոններ։