ՀՀ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.
Այսօր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության իմ գործընկերներ Զառա Բաթոյանը, Ժաննա Անդրեասյանը, Օլյա Ազատյանը ներկայացրեցին 10 մարզում իրականացրած հանդիպումների արդյունքները՝ կանանց խնդիրներին վերաբերող:
Նախ մեծ նշանակություն եմ տալիս այն եղանակին, որով նախարարությունը մոտեցել է այսքան բարդ, երբեմն շահարկվող, այնինչ մեծ նրբանկատություն պահանջող հարցին, ինչպիսին կանանց խնդիրներն են:
Նրանք չլուսաբանվող հանդիպումների միջոցով վերհանել են իրական պատմությունները:
Մեծ նշանակություն եմ տալիս հատկապես այս նախարարության կողմից հարցերին առավելագույն խնամքով, հոգատար ու սրտացավ վերաբերմունք ցուցաբերելու մոտեցմանը:
Համարում եմ, որ մեծ հաշվով, հենց սա՛ է մեր անելիքը. Հայաստանի տարբեր անկյուններում բնակվող, տարբեր խմբերի մարդկանց խնդիրները խորապես ճանաչելը և դրանք լուծելու, դրանք հետագայում կանխելու նպատակով քաղաքականություններ մշակելն ու իրականացնելը:
Ցավոք, մեզնից ոմանք հաճախ պատրաստ չեն իրական խնդիրներին առերեսվելուն, հատկապես երբ դրանք լռեցված են կամ նույնիսկ անգամ, երբ դրանք բարձրաձայնվում են: Նույնիսկ երբ կանայք թեկուզ ուշացումով, թեկուզ անանունության պայմանով որոշում են խոսել իրենց հետ կատարված դառը փորձությունների, բռնության մասին, մենք՝ որոշում կայացնելու պատասխանատուներս և հանրությունը հաճախ պատրաստ չէ լսել: Մինչդեռ պետք է կարողանանք ականջալուր լինել, հասկանալ, մասնավոր դեպքերի մեջ նկատել սոցիալական խնդիրները և լուծումներին ուղղված քայլեր ձեռնարկել:
Կանանց հանդեպ բռնության, կրթության, առողջապահության ու աշխատանքի հասանելիության սահմանափակումներն անտեսելու իրավունք այլևս չունենք: Կանանց խնդիրներն առանց այն էլ տասնյակ տարիներ անտեսված են եղել, ինչի հետևանքով էլ կուտակվել են իսկապես մեր բոլորի համար անհարիրության աստիճանի:
Հատկապես սոցիալական ոլորտում եղած խնդիրները լուծելու, տարբեր խմբերին վերաբերող հասցեական քաղաքականություններ մշակելու անհրաժեշտություն կա և, վստահ եմ, որ նախարարության իմ գործընկերներն արդեն իսկ մտածում են այդ մասին: Կարևորը, որ այդ օրակարգը ձևավորվել է տեղերից, մարզերից: